Կարևոր իրադարձություններ

Հանրային խորհրդից խռոված ու հիասթափված կազմակերպությունները վերադառնում են. Ստյոպա Սաֆարյան

22 Դեկտեմբեր, 2019 13:35
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդից խռոված ու հիասթափված կազմակերպությունները վերադառնում են. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց ի վեր հազարավոր զանգերի, շնորհավորանքների, մաղթանքների կողքին հաճելիորեն զարմացրել են մոտ 30-35 զանգեր, որոնց հեղինակները, պարզվում է, եղել են կամ կան Հանրային խորհրդի տարբեր հանձնաժողովերի ու ենթահանձնաժողովների անդամներ, ում ես չեմ ճանաչել։

Իմ գործընկերները ոչ միայն իրենց շնորհավորանքներն են հղել, այլ նաև հանրությունից ոչ պակաս լավատեսություն ու հույս են հայտնել, որ միասնական ջանքերով Հանրային խորհուրդը աշխատելու է և նրանցից յուրաքանչյուրը իր ինքնադրսևորման լավագույն հնարավորություններն է ունենալու, ինչի խոստում ու երդում տվել եմ։

Ցավ էր արձանագրել, որ շատ շատերը Հանրային խորհրդի նախկին նախագահի ու կազմի գործունեությունից ու անգործությունից հիասթափված ֆորմալ կամ դե ֆակտո դադարեցրել են իրենց գործունեությունն ու անդամակցությունը․․․ Ուրախ եմ հայտարարել, որ այդ երեքուկես տասնյակի մեծ մասը ոգևորված խոստացել է վերադառնալ Հանրային խորհուրդ․․․

Ինձ համար մեծագույն ցավ է, որ այս 8-9 ամիսներին ոչ ես, ոչ իմ այլ նոր նշանակված գործընկերներ նրանց չենք էլ ճանաչել, որովհետև դա հատուկ չէր արվում ու չարվեց․․․ Ուրախալի է նաև, որ իմ զանգահարած կամ ինձ հետ կապ հաստատած հայտնի ՀԿ-ների գործընկերներ, որ նախկինում այդ կառույցին անտեսում էին ու արհամարհում, շրջվել են դեպի այն ու պատրաստ են համագործակցել, իրենց ներդրումը բերել այնտեղ․․․

Ես դեռ չգիտեմ, թե այդ 35 կազմակերպությունից զատ քանի քանի այլ կազմակերպություններ են սառեցրել իրենց գործունեությունը․․․ Որոշ գործընկերներ ահավոր ու սարսափեցնող վիճակագրություն են բերում անցած մեկ տասնամյակում որոշ հանձնաժողովների նիստերի, ավելի ստույգ՝ դրանց բացակայության, անառողջ մթնոլորտի ու աշխատաոճի մասին։

Իմ ընկերների հետ այս կոմունիկացիան ավելի համոզիչ դարձրեց իմ այն միտքը, որն ունեցել եմ նշանակվելուց անմիջապես հետո․ գնալ բոլոր մարզերը, հանդիպել բոլոր այն կազմակերպություններին, որոնք խռոված են, գնալ ու ինվենտարիզացնել նրանց հնարավորություններն ու ռեսուրսները, համոզել բոլորին լծվել գործի, վստահ լինել, որ նրանց հանրային էնտուզիազմով արված աշխատանքի արդյունքները կդրվեն վարչապետի, կառավարության ու հանրության սեղանին։

Ուզում եմ հավատալ, որ այս ամենն այլևս անցյալում կմնա։ Անպատկերացնելի առաջարկություններ են ստացվել, որոնք շատ շուտով կդառնան Հանրային խորհրդի քննարկման առարկա։

Իմ հարգելի գործընկերներ, ավարտվել է այն ժամանակշրջանը, երբ այդ կառույցը կամ ձայն չուներ, կամ ներկայանում էր մեկ ձայնով։ Այժմ եկել է հանրության բոլոր ձայները լսելու ու դրանք քննարկման հարթակ տեղափոխելու ժամանակը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին