Կարևոր իրադարձություններ

Մարզպետարանից «դաբրոներ» ոչ ոք չի կարող ունենալ. Արարատի մարզպետ

20 Դեկտեմբեր, 2019 16:03
Մարզպետարանից «դաբրոներ» ոչ ոք չի կարող ունենալ. Արարատի մարզպետ

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ մարզի մի շարք խնդիրներին և ձեռքբերումներին:

Ինչպես ներկայացրեց մարզպետը, խոշոր ծրագրեր են իրականացվում, որոնցից է՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին կառուցվող 11 հեկտար մեծությամբ գյուղատնտեսական՝ մեծածախ և մանրածախ վաճառք իրականացնող գյուղմթերքի շուկան: «Այն կարող է միացնել Արտաշատի տարածաշրջանի և Մասիսի տարածաշրջանի գյուղերը, ինչպես նաև այստեղ իրենց բերքը կարող են իրացնել Արցախի հանրապետության մեր հայրենակիցները, Սյունիքից, Վայոց ձորից, ինչու չէ, նաև՝ Իրանից»,- ասաց Սարգսյանը:

«Երբ ես նշանակվեցի մարզպետ, մեր բժշկական հիմնարկներն ունեին շատ մեծ կրեդիտորական պարտքեր: Օրինակ՝ Արտաշատ ԲԿ-ն ուներ մոտ 213 միլիոն դրամ կրեդիտորական պարտք: Մեր կողմից այնտեղ իրականացվեց աուդիտ: Մենք փոխանցեցինք մեր բուժհաստատությանն առողջացման ծրագիր, որի հետևանքով արդեն այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ պարտքն ամբողջությամբ մարվել է»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով նաև Վեդի ԲԿ-ի 59 մլն դրամ և Արարատ ԲԿ-ի 14 մլն դրամ պարտքերը, որոնք նույնպես ամբողջությամբ մարվել են:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ շատ հաճախ գալիս են բողոքներ, թե մարզպետարանը պատշաճ կերպով չի կազմակերպում մրցույթներ՝ դպրոցի տնօրենների, ուսուցիչների համար: «Ուզում եմ ասել, որ մեր կողմից ոչ մեկը չի հովանավորվում, մեր լեզվով ասած՝ մարզպետարանից «դաբրոներ» ոչ ոք չի կարող ունենալ, մրցույթները կազմակերպվում են մաքսիմալ ազատ, թափանցիկ»,- պնդեց մարզպետը՝ հավելելով, որ, եթե նույնիսկ հավակնորդներն իրենց հայտը ներկայացնելիս դպրոցներում կստանան պատասխան, թե մյուս կոլեգայի համար մարզպետարանից արդեն միջնորդել են, անպայման դիմեն նրանց, քանի որ դրանք հերյուրանքներ են:

«Իհարկե, ունենք դպրոցներում խնդիրներ, որոնք դեռևս նախկինից ենք ժառանգել: Այն ժամանակ գործել են մաղարիչների, ծանոթների, կոռուպցիոն մեխանիզմներ, որոնք այսօր բացառված են»,- ասաց մարզպետը՝ եզրափակելով, որ, եթե ինչ-որ մարդիկ կփորձեն իրենց ցանկալի անձանց անցկացնել այդ մրցույթներում, և դա կփորձեն կապել մարզպետարանի հետ, շատ խիստ և համարժեք գնահատականի կարժանանան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին