Կարևոր իրադարձություններ

Պատգամավորն առաջարկում է ստեղծել 1991 թ.-ից ի վեր սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

19 Դեկտեմբեր, 2019 18:07
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Պատգամավորն առաջարկում է ստեղծել 1991 թ.-ից ի վեր սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

ԱԺ պատգմավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորանկախ Հայաստանի սկզբնավորման, տնտեսական բարեփոխումների մեկնարկի առաջին իսկ օրերից հասարակության համար խնդրահարույց է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը:

​Հասարակությունը չի վստահել այդ գործընթացին, մշտապես ողջամիտ կասկածներ է ունեցել սեփականաշնորհման թափանցիկության, արդարացիության ու արդյունավետության հետ կապված: 
​Սեփականաշնորհման թեման մշտապես հատատուն տեղ է ունեցել նաև Հայաստանի քաղաքական օրակարգում՝ դառնալով քաղաքական ընդդիմախոսների պայքարի, առճակատումների հիմնական գործիքներից մեկը:

​ Սեփականաշնորհման գործընթացն անցել է մի քանի փուլերով.
Եթե 1990-ակականների սկզբին այդ գործընթացում տեղ ուներ տարերայնությունը, անփորձությունը, մասնավոր սեփականության ինստիտուտի նկատմամբ հանրության անպատրաստությունը, ապա 1998 թվականից հետո տեղի ունեցած մասնավորեցման՝ այդ թվում խոշոր օբյեկտների մասնավորեցման գործընթացը, տեղի ունեցավ իշխանության համակարգված մոտեցմամբ, շատ դեպքերում հանցավոր սխեմաների կիրառմամբ: 

Այսօր էլ հասարակության մեջ առկա են սեփականաշնորհման հետ կապված բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք երբևէ պետք է պարզաբանվեն: Այդ նպատակով պատրաստվում եմ հանդես գալ 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Հանձնաժողովի ձևավորման համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի համաձայնությունը, ուստի, քաղաքական աջակցություն ստանալու ակնկալիքով, դիմել եմ խորհրդարանական երեք խմբակցություններին և հույս ունեմ, որ ինչպես իմ իշխանական, այնպես էլ ընդդիմադիր գործընկերները կսատարեն իմ նախաձեռնությանը և մենք կկարողանանք պատշաճ քննության ենթարկել անցյալում տեղի ունեցած գոնե խոշոր սեփականաշնորհման գործընթացները»:

 

Լրահոս

Դիտել ավելին