Կարևոր իրադարձություններ

ՀԴՄ չտրամադրելու տուգանքը բարձրացվեց. 600 հազար դրամ՝ բոլոր ոլորտներում

19 Դեկտեմբեր, 2019 16:05
ՀԴՄ չտրամադրելու տուգանքը բարձրացվեց. 600 հազար դրամ՝ բոլոր ոլորտներում

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հավասարեցնել սննդի և գործունեության մյուս ոլորտների՝ ՀԴՄ չտրամադրելու դեպքում տուգանքի չափը. այն այսուհետ կկազմի 600 հազար դրամ:

Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորների կողմից առաջարկվում է մեղմել ՀԴՄ կանոնների կիրառության խախտման համար տուգանքի չափը հանրային սննդի ոլորտում: Պատգամավորները դա հիմնավորել էին վաճառքի բոլոր կետերին միասնական մոտեցման նպատակահարմարությամբ: Ատոմ Ջանջուղազյանը միասնական մոտեցման անհրաժեշտությունն ընդունեց, սակայն նշեց, որ այդ համակարգում ոչ թե պետք է իջեցնել սննդի կետերի տուգանքի չափը, այլ՝ բարձրացնել մյուսներինը:

«Միասնական մոտեցմանը համաձայն ենք, բայց ոչ թե իջեցնելու ուղղությամբ, այլ՝ բարձրացնելու»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ հանրային սննդի բնագավառում գործող կազմակերպություններն այսօր հնարավորություն ունեն գործել թե որպես շրջանառության հարկի վճարող և թե ընդհանուր հարկման համակարգում, ու եթե նախկինում նրանց ռիսկը կապված էր արժեշղթայի մյուս կազմակերպությունների հետ, և դրա հետ կապված՝  կորցնելու կամ վարչարարության խնդիրներ կարող էին առաջանալ, ապա այս դեպքում կոնկրետ խթաններ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար այս պահին գործում է տուգանքի երկու մակարդակ. հանրային սննդի ոլորտում դա 600 հազար դրամն է, իսկ մյուս ոլորտներում՝ 150 հազար դրամը: «Այս առաջարկով նախատեսվող հավասարեցնելուն համաձայն ենք, բայց իջեցնելը հակասում է մեր քաղաքական ուղերձներին: Մենք ասում ենք, որ 2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է: Եվ բոլոր դեպքերում եթե մենք համաձայնեցնում ենք, 150-ը պիտի դառնա 600 հազար, այլ ոչ թե 600-ը՝ 150, որպեսզի մեր մտադրությունների լրջությունը պարզ լինի բոլորին: Համաձայնեք, որ տարօրինակ կլինի, որ էսքան ասում ենք ՀԴՄ-ՀԴՄ, մեկ էլ ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը որևէ պատճառով որևէ տեղում իջեցնում ենք: Իջեցումն անընդունելի է, բարձրացումն ընդունելի է, բայց եթե կոնսենսուս չկա, ավելի լավ է, ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա»,- ասաց Փաշինյանը:

«Պիտի խնդրեմ հաշվի առնեք. որ ասում եք «կամ չփոխենք, կամ բարձրացնենք» չփոխելու հետ կապված մենք վերապահում ունենք. պիտի՛ բարձրացնենք»,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ ՊԵԿ-ն էլ նախատեսում է նման առաջարկ ներկայացնել կառավարությանը: «Կարող են լինել տեխնիկական խնդիրներ՝ ՀԴՄ սարքերի՝ կտրոն չտպելու հետ կապված: Բոլոր այդ խնդիրները հորդորում եմ ներկայացնել. յուրաքանչյուր դեպքով, որ վիճարկելի է, առանձին որոշումներ են կայացվում»,- նշեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին