Կարևոր իրադարձություններ

Նոր նախագիծ. քաղաքապետարանի նվիրատվությունները կվերահսկվեն. «Ժողովուրդ»

18 Դեկտեմբեր, 2019 09:41
Նոր նախագիծ. քաղաքապետարանի նվիրատվությունները կվերահսկվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը համատեղ ներկայացրել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ:

Մասնավորապես, նրանք փոփոխություն են նախատեսել համայնքներին կատարվող նվիրատվություններ կամ նվիրաբերություններ ենթադրող հոդվածում: Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ, դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

Ինչպես հայտնի է, վերջերս այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ Երևանի քաղաքապետարանին տրված նվիրատվությունների շուրջ, և, որպես նախագծի հիմնավորում, ԲՀԿ-ականները նշել են, թե հաճախ այս կամ այն նվիրատվությունը կատարվում է` ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ տնտեսական կամ որևէ այլ տեսակի առավելություն տրամադրող գործողության կատարում: Հավելենք, որ այժմ հրապարակելու հետ կապված որևէ կետ ամրագրված չէ, և սա նոր կարգավորում է»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին