Կարևոր իրադարձություններ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը

17 Դեկտեմբեր, 2019 16:02
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարություն է տարածել վճարովի գովազդ ցուցադրելու նախագծի վերաբերյալ, որում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 13-ին մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ և պահանջեցին Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդից «լրացուցիչ և առավել համոզիչ հիմնավորումներ ներկայացնել» «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ, որով, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:

Լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ արձանագրվում է, որ «կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը»։

Իրականում, ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման նախագծերի միասնական կայքում (e-draft.am) հանգամանորեն ներկայացրել է այս փոփոխության անհրաժեշտությունը՝ նշելով, որ 2015 թվականից գործող գովազդի ցուցադրման օրենսդրական արգելքը զրկեց Հանրային հեռուստաընկերությանը զգալի ֆինանսական միջոցներից, իսկ հետագայում ՀՀ բյուջեից հատկացված ավել գումարը այդպես էլ չլրացրեց նախկին ծավալը:

Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական վերազինմանը, կապիտալ նորոգումներին, նոր և բազմազան հեռուստահաղորդումների ստեղծմանը, որակյալ կոնտենտի ձեռքբերմանը, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավմանը՝ առանց պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայցելու:

ՀՀ Արդարադատության նախարարությունը հիմնավորում է իր նախաձեռնությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համաձայն որի «Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»:

Բնական է, որ այս դեպքում սահմանադրական պահանջի կատարումը Կառավարության գործառույթն է, և որպես առաջին քայլ այն հրապարակել է իր նախագիծը՝ շահագրգիռ կարծիքներ հավաքագրելու նպատակով։ Ուստի անհասկանալի է «փաստաթուղթը շրջանառությունից հանելու»՝ լրագրողական կազմակերպությունների պահանջը այն դեպքում, երբ քննարկման է դրվել փոփոխության նախագիծ, որի շահառուն լինելու է ամբողջ հասարակությունը։

Հայտնում ենք նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը չունի գովազդ ցուցադրելու հատուկ շահագրգռվածություն կամ որևէ ակնկալիք և կատարելու է իր գործառույթը ցանկացած որոշման դեպքում: Մեր կողմից ուզում ենք միայն ներկայացնել մի քանի լրացուցիչ հիմնավորումներ, որոնք անհրաժեշտ ենք համարում հաշվի առնել օրինագծի քննարկման ընթացքում:

Եվրոպական միության առջև ստանձնած պարտավորություններով Հայաստանը 2016 թվականին անցում կատարեց թվային հեռարձակման, սակայն Հանրային հեռուստաընկերության ստուդիական սարքավորումների թվայնացման գործընթացը մնաց անավարտ միջոցների սղության պատճառով: Այն ժամանակ պետությունը Հանրայինին չտրամադրեց թվայնացման համար պահանջվող գումարը, իսկ թվային հեռարձակումն իրականացվեց ընթացիկ ծախսերի հաշվին: Տեխնոլոգիական այս խոչընդոտը վերացնելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ծախսեր, ինչը հնարավոր է մի քանի տարում գովազդից ստացված եկամուտների հաշվին։

Հիշեցնենք նաև, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Հանրայինը թեև ֆինանսավորվում է պետության կողմից, սակայն չկա օրենսդրորեն ամրագրված որևէ երաշխիք այդ ֆինանսավորման նվազագույն չափի ապահովման մասին: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ամեն տարի բյուջետային հայտ է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարությանը, որն էլ փաստացի որոշում է Հանրայինի ֆինանսավորման չափը: Նոր օրինագծի ընդունումը թույլ կտա Հանրայինին բազմազանեցնել իր եկամտի աղբյուրները և որոշակի ֆինանսական անկախություն ունենալ պետությունից»։

 

Լրահոս

Դիտել ավելին