Կարևոր իրադարձություններ

Մեծամորում թոշակառուի տնից գողացվել է բանկային քարտ և գումար կանխիկացվել

16 Դեկտեմբեր, 2019 14:09
Մեծամորում թոշակառուի տնից գողացվել է բանկային քարտ և գումար կանխիկացվել

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի տարեց բնակչուհիներից մեկը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և գողացել ննջասենյակի պահարանում դրված բանկային քարտն ու մեկ ամսվա թոշակը։ Բանկային քարտի հետ նաև ծածկագիրն էր եղել։ Քարտը գողացած անձը անմիջապես գումար էր կանխիկացրել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բնակարանային գողության փաստով տարածքային նախաքննական մարմնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների վերլուծությամբ փաստական տվյալներ են ձեռք բերել առ այն, որ թոշակառուի տան դուռը կրկնօրինակ բանալիով բացել և գողություն է արել Մեծամորի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու խոստովանել կատարածը։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին