Կարևոր իրադարձություններ

Էրդողանը սպառնում է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

16 Դեկտեմբեր, 2019 11:34
Էրդողանը սպառնում է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել թուրքական հեռուստաընկերություններից մեկին եւ, ի թիվս այլ հարցերի, խոսել նաեւ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւից:

Նա ամերիկացիներին հիշեցրել է հնդկացիների մասին եւ սպառնացել ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այս գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների հետ, ինչպես նաեւ հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնություններին։

«ԱՄՆ-ի ներքաղաքական բեւեռացումները հետեւանքներ են ունենում մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ որոշ շրջանակներ որոշակի հարցեր շահարկման առարկա են դարձնում՝ Թրամփին ճնշելու համար»։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է հնդկացիների մասին՝ նշելով.

«Անհնար է չհիշել ԱՄՆ-ի բնիկների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին: Հնդկացիների սպանությունները Միացյալ Նահանգների պատմության վրա իրական սեւ բիծ են»,- ասել է Էրդողանը:

Նա սպառնացել է, որ Թուրքիան կճանաչի ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը» եւ հիշեցրել նաեւ այն մասին, որ չի կարելի մոռանալ ֆրանսիացիների կողմից «Ռուանդայում և Ալժիրում կատարված սպանությունները»:  

«Հիշեք, թե ինչեր են արել ֆրանսիացիները Ռուանդայում եւ Ալժիրում. Սենեգալում ստեղծվում էին ստրկատիրական շուկաներ, և ստրուկներին վանդակների մեջ էին բերում՝ վաճառելու, ընդհուպ՝ մինչեւ Ամերիկա: Մենք, իհարկե, բարձրացնում ենք այս հարցերը միջազգային մակարդակով:

Թուրքիան չի պատրաստվում պաշտպանվել, այլ աշխարհին կներկայացնի Արեւմուտքի իրական դեմքը: Բավական է հիշեցնել ցեղասպանության եւ ռասիզմի դրսեւորումներ ունեցող գործողությունների մասին»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ իրենց պատմությունը մաքուր եւ անբիծ է, եւ իրենք ամոթալի էջեր չունեն:

Վերջում Էրդողանը կրկին խոսել է արխիվների մասին՝ ասելով.

«Մենք հիմա բացում ենք մեր զինուժի արխիվում առկա ավելի քան 1 մլն փաստաթուղթ: Թող գան պատմաբաններն ու իրավաբանները՝ ուսումնասիրելու։ Ասում են, թե որոշակի քանակությամբ արխիվներ էլ կան ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Հարվարդում, թող բացեն։ Ֆրանսիայում էլ կան, թող այնտեղ էլ բացեն։

Հայաստանում կա՞ն, թե՞ չկան։ Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները։ Թող պատմաբանների, իրավաբանների ու հնագետների հետազոտությունների առարկա դարձնեն։ Այդ ամենից հետո և արդյունքում նոր թող քաղաքական գործիչներն իրենց եզրակացությունն անեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին