Կարևոր իրադարձություններ

«Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է քաղաքացու կենսաթոշակը. նրան մեղադրանք է առաջադրվել

16 Դեկտեմբեր, 2019 10:54
«Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է քաղաքացու կենսաթոշակը. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքում աշխատելով որպես ավագ օպերատոր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կենսաթոշակների վճարման ցուցակում ստորագրել է բնակության վայրից բացակայող՝ Ալավերդի քաղաքի բնակչի անվան դիմաց, յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված բնակչի անվամբ փոխանցված զգալի չափերով՝ 91.146 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը եւ օգտագործել իր անձնական կարիքների համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 

Լրահոս

Դիտել ավելին