Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

16 Դեկտեմբեր, 2019 10:47
Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

Մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեր հարցին ի պատասխան՝ միայն ասաց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չասաց: Նրա խոսքով՝ այդ քննչական գործողությունից րոպեներ հետո է Սարգսյանին մեղադրանք առաջադրվել: Նշենք, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաեւ նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը Սերգո Կարապետյանն է:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 

Լրահոս

Դիտել ավելին