Կարևոր իրադարձություններ

Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

13 Դեկտեմբեր, 2019 13:36
Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանին՝ Շեկոյին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) եւ նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետերով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով): Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Սույն գործում որպես կասկածյալ ներգրավված եւ ձերբակալված երկրորդ անձին՝ Զոհրաբ Եսիմսեյտովին, առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): «Երկրորդ անձի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, այն այս պահին քննարկման փուլում է»,- ասաց դատախազը:

Հարուցված քրեական գործում ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչված:.

Հիշեցնենք, որ Շեկոն, ըստ հարուցված քրեական գործի, մեղադրվում է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը Գյումրիում ծեծելու մեջ: Այս պատմությունը սկսվել է դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում դրված ծաղկեպսակի մասին ֆեյսբուքյան գրառումից: «Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում: Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն, տղե՛րք, սա Գյումրին է, Գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով»,- դեկտեմբերի 7-ին գրել էր Կարեն Սարուխանյանը: Դեկտեմբերի 8-ին արդեն նույն հարթակում տեղեկացրել էր, որ այդ գրառումը հաշվեհարդարի եւ ծեծի պատճառ է դարձել: Շեկոն, ըստ Սարուխանյանի, ծեծել է իր ընկերոջը եւ փոխանցել, որ հաջորդն ինքն է լինելու:

Այնուհետ՝ դեկտեմբերի 9-ին, Շեկոն բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին եւ ձերբակալվել որպես կասկածյալ:

Շեկոյի ձերբակալումից հետո՝ դեկտեմբերի 10-ին, ասուլիս էր հրավիրել նրա ընկերը՝ Կարապետ Պողոսյանը, ու  հայտարարել, որ ընկերոջ՝ Գարիկ Ուզունյանի նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում, եւ, որ, ըստ նրա, այդ ամենը մտածված եւ մշակված է եղել նախօրոք:

Հենց նույն օրը, բայց արդեն ավելի ուշ, ոստիկանության Մուշի բաժնում ձերբակալվել էր նաեւ վերջինիս ընկերը՝ Զոհրաբ Եսիմսեյտովը:

 

Լրահոս

Դիտել ավելին