Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

12 Դեկտեմբեր, 2019 21:41
Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ օրը ցերեկով կոտրել են Կարմիր բլուր փողոցի տներից մեկի պատուհանը և փող գողացել:

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր  էր մեկնել: Իրավապահներն ուսումնասիրել էին տան տարածքը: Ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խոհանոցի պատուհանն ու ննջարանի պահարանից գումար հափշտակել:

Գաղտնի հափշտակություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ հետաքննություն իրականացնող մարմինը լայնածավալ որոնողական աշխատանքներ էր ձեռնարկել, իրականացվել էին օպերատիվ հարցումներ, ուսումնասիրվել հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին, թե դեպքի վայրից ոչ հեռու հանցամիտն ինչպես է իջել  «Մերսեդես» մակնիշի տաքսի մեքենայից, իսկ քայլելիս փորձել է թաքցնել դեմքը:

Տեսագրությունների վերծանումից հետո, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է «Մաուգլի» մականունով 31-ամյա մի տղամարդ, որը ներկա պահին մեկ այլ հանցագործության համար կալանավորված է և պատիժը կրում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ նախկինում 7 անգամ դատապարտված և այժմ գողության համար քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 31-ամյա դատապարտյալը նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի և, իրավապահների համատեղ միջոցառումներով բռնվել: Ըստ այս պահին ձեռք բերված փաստական տվյալների, ազատության մեջ լինելով, հենց նոյեմբերի 19-ին էլ կատարել էր վերջին գողությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին