Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի նախագահության կազմում:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահության կազմը, որի համակարգող է նշանակվել ՌԴ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:
Վոլոշինից բացի, նախագահության կազմում ընդգրկվել են ռուսական կառավարության երեք նախկին ղեկավարներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կարգադրության մեջ նա նշվում է որպես «Գազպրոմբանկի» կառավարման խորհրդի նախագահի խորհրդական: Նա ընդգրկված է նաև «Զարուբեժնավթ» ռուսական ընկերության տնօրենների խորհրդի կազմում:
Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում, ընդհանուր առմամբ, 15 մարդ է ընդգրկված: Այն մշտապես գործող մարմին է, որը որոշում է խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և ձևավորում է խորհրդի դիրքորոշումը ռազմավարական հարցերի շուրջ: