Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Հրանուշ Խառատյանին

12 Դեկտեմբեր, 2019 17:46
Հեղինակ՝ Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Հրանուշ Խառատյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կողմից շատ հարգված տիկին Խառատյան, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելով` որևէ կերպ վերահսկողություն չի սահմանվելու քաղաքացիների անձնական կյանքի վրա, ցավով պետք է նշեմ, որ Ձեր հակառակ տեսակետի հիմքում, հավանաբար, ընկած է խնդրի էությանը ոչ ամբողջապես տիրապետելը։

Դուք, անկաշկանդ արտահայտելով Ձեր գնահատականները, Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք մեծ ազդեցություն եք ունեցել այն սերնդի արժեհամակարգի ձևավորման վրա, որը նախաձեռնեց Հայաստանում փոփոխությունների իրականացումը։

2007-ից ի վեր, երբ օպերատիվ աշխատանքի մոտ 80%-ը ոստիկանությունն է կատարել, գաղտնալսման իրավունքը վերապահվել է միայն Ազգային անվտանգության ծառայությանը, ինչն ուղղակիորեն սահմանափակել է ոստիկանության գործառույթների լիարժեք կատարումը։ Օրենքի նախագիծն ուղղված է հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն, ընդ որում, հեռախոսային խոսակցությունների վերահսկման իրավունքը չի տրվում առանց դատարանի որոշման, բացի օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, որով օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք և մտավորականության մյուս ներկայացուցիչները մեծագույն ներդրում եք ունեցել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մեջ և սատարել եք պետական ինստիտուտների՝ բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում գործունեությունը, խնդրում եմ հիմա ևս, կասկածի տակ չդնել օրենսդիր մարմնի նպատակները։

Համոզված եմ, որ Հանձնաժողովի և անձամբ օրինագծի հեղինակի հետ շփումը հիմնովին կփոխի Ձեր կարծիքը թե՛ նախագծի, թե՛ առհասարակ խորհրդարանի մասին և կփարատի իշխանության կողմից նախաձեռնած օրինապահպան քայլերի նկատմամբ Ձեր ունեցած տարակուսանքը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին