Կարևոր իրադարձություններ

Զախարովան Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնման «կատարյալ օրինակ» է նշել

12 Դեկտեմբեր, 2019 16:34
Զախարովան Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնման «կատարյալ օրինակ» է նշել

Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, որից հետո կողմերը հանդես են եկել հակառակ հայտարարություններով:

«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ ամրագրել ենք կողմերի հետագա երկխոսության մեջ մտնելու անհամեմատելիությունը կամ անկարողությունը: Ինձ թվում է, որ կողմերը չեն խոսել այդ մասին: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է. հակառակ դեպքում բանակցային գործընթաց չէր լինի: Մեր կողմից, որպես մի երկիր, որը կատարում է միջազգային միջնորդային գործառույթներ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ երկխոսության շարունակմանը նպաստելու, արդեն իսկ ձգձգված և երկարատև հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կողմերի միջև երկխոսությունը շարունակվի կառուցողական հունով, և կողմերը հասնեն փոխընդունելի լուծման:

Մարիա Զախարովան նաև պատասխանել է լրագրողի այն հարցին, թե հաշվի առնելով կողմերի հակառակ դիրքորոշումները և նշված կարմիր գծերը, արդյո՞ք միջնորդները ցանկություն ունեն կողմերին ուղղորդելու ավելի նպատակաուղղված փոքր քայլերի ճանապարհով:

«Սա ապագայի հարց չէ, դա ներկայումս իրականացվող հարց է: Փաստն այն է, որ չնայած դիրքորոշումների տարբերությանը և նշված կարմիր գծերին, երկխոսության և համագործակցության օրինակներ կան այն ոլորտներում, որոնցում հաջողվել է հասնել փոխըմբռնման. մասնավորապես, մենք խոսում ենք լրագրողների խմբերի փոխանակման մասին, ահա Ձեզ հիանալի օրինակ»,- պատասխանել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին