Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել և վերադառնալ Հայաստան

12 Դեկտեմբեր, 2019 12:42
Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել և վերադառնալ Հայաստան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չերկարաձգել:

Օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, եւ վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից: 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ 1992 թ.-ին ծնված քաղաքացիների մասին է, որոնք առաջին անգամ զորակոչից խուսափել են 2010 թ.-ին։

«Պատկերացնո՞ւմ եք, 2010 թ.-ին ինչ-որ անձնավորություն խուսափել է ծառայությունից, եւ 9 տարի հետո մենք թույլ ենք տալիս նրան դարձյալ ազատվել։ Կառավարությունը նպատակահարմար չի գտնում օրենքի ժամկետը երկարաձգել եւ առաջարկում է սահմանափակել 2019-ի դեկտեմբերի 31-ով»,- ասաց նախարարը և հավելեց, որ մինչեւ այդ ժամկետի ավարտն օրենքը կիրառելի է շուրջ 3000 մարդու նկատմամբ, որոնք կարող են մինչեւ տարեվերջ օգտվել այդ իրավունքի ընձեռած հնարավորությունից։ Նա հավելեց, որ նախարարությունն արդեն մեծ թվով դիմումներ է ստացել այդ անձանցից:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ օրենքի երկարացում չի լինելու, սակայն մինչ հունվարի մեկը օրենքն ուժի մեջ է. «Այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են՝ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել, այս բոլոր պրոցեդուրաներն անցնեն եւ Նոր տարին էլ Հայաստանում նշեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին