Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն հայտնում է հերթական բացահայտման մասին

12 Դեկտեմբեր, 2019 11:30
ԱԱԾ-ն հայտնում է հերթական բացահայտման մասին

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը ՀՀ պատկան մարմիններից ձեռք է բերել և տրամադրել առողջության և Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ ԵԿՄ կնիքով եւ զինանշանով, առողջության մասին կեղծ տեղեկանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը, Բելգիայում բնակվող իր եղբոր խնդրանքով, վերջինիս կողմից հիշյալ երկրի քաղաքացիություն ստանալու և առողջական խնդիրների բուժման գործընթացը երկարաձգելու նպատակով, խոստացել է ՀՀ պատկան մարմիններից ձեռք բերել և տրամադրել առողջության և Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:

Այս նպատակով՝ նախնական համաձայնության է եկել Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահի հետ և անձամբ ԵԿՄ զինանշանով ձևաթղթի վրա տպագրել է եղբոր կողմից Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը ստորագրվել և հաստատվել է ԵԿՄ կնիքով:

Նույն ժամանակահատվածում դիմել է նաև ՀՀ-ում գործող առողջության կենտրոններից մեկի ղեկավարին և ստացել եղբոր առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին