Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար և վերահաստատել ՀԲ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ գործընկերությունը: Այս առումով նա անդրադարձել է ՀԲ խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատմանը, որի շրջանակում բանկը կշարունակի Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ընթացիկ ծրագրերի շուրջ, խոսել գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական աճին միտված ծրագրերի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման, դատաիրավական, կրթության, առողջապահության բնագավառներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: