Կարևոր իրադարձություններ

Պոլսի Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

11 Դեկտեմբեր, 2019 10:37
Պոլսի Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այնտեղ էին հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր՝ 103 աշխարհիկ պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։

Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր, ով նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։

Այսպիսով, կարելի է ասել 12 տարվա անորոշության շրջանն ավարտված է,  և այսուհետ նոր պատրիարքի գլխավորությամբ համայնքը կանցնի կուտակված խնդիրների լուծմանը։

Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունեցել 3 փուլով: Ըստ այդմ՝ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են աշխարհիկ պատվիրակներ։ Այս ընտրության ժամանակ համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած վերջնական ընտրությունների ժամանակ աշխարհիկ և հոգևոր պատվիրակները Պոլսի 85-րդ Հայոց պատրիարք են ընտրել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:
 

Լրահոս

Դիտել ավելին