Կարևոր իրադարձություններ

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

10 Դեկտեմբեր, 2019 20:16
Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի):

Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից»,-ընդգծել է նա:

Նշվում է նաեւ, որ զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների նախագահական ինստիտուտների համագործակցության հնարավորություններին: Հաշվի առնելով Ֆինլանդիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փոխայցելությունների և փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը: Նախագահն ասել է, որ իր նպատակն է մեր երկրում ունենալ խորհրդարանական կառավարման պայմաններում կայացած ու ամուր նախագահական ինստիտուտ և ստեղծել ավանդույթներ:

Նշելով, որ Ֆինլանդիան մեծ առաջընթաց է գրանցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ նախագահն ասել է, որ այս ոլորտի զարգացումն առաջնահերթություն է նաև Հայաստանի համար: Նախագահ Սարգսյանը պատմել է, որ նախագահական ինստիտուտն ունի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված իր նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM և որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև ֆիննական ընկերություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին