Երեկ Թբիլիսիում՝ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի բացման արարողությանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը վեհաժողովի պատվիրակներին կոչ է արել հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը ոտքի են կանգնել՝ բացառությամբ մեկ ադրբեջանցի պատգամավորի:
«Վեհաժողովի բացման արարողությանը ելույթիս ընթացքում ոչ միայն ներկայացրի Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, բարեփոխումներն ու մեր հանձնառությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը, այլ նաեւ օգտվելով առիթից, որ այսօր (երեկ-խմբ.) ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, խոսեցի Հայոց Ցեղասպանության մասին ու կոչ արեցի Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակներին հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աբրահամյանը:
Ավելի ուշ, երբ ադրբեջանական կայքերում տեղեկություններ հայտնվեցին, թե իբր շատ քիչ պատգամավորներ են ոտքի կանգնել Աբրահամյանի կոչից հետո, նա հրապարակել է տեսանյութ, որից երեւում է՝ բոլոր պատգամավորները՝ բացի մեկից, հոտնկայս հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի դեպ, ադրբեջանական մամուլն Աբրահամյանի քայլը սադրանք է որակել: