Կարևոր իրադարձություններ

Չհաջողված մոդելի հետևից՝ հաջողության ակնկալիքով. «Ժողովուրդ»

10 Դեկտեմբեր, 2019 08:29
 Չհաջողված մոդելի հետևից՝ հաջողության ակնկալիքով. «Ժողովուրդ»

«Երեկ խորհրդարանում սկսեց քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին կառավարության նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի գնալ` բոլոր լիցենզիաներով հանդերձ, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնեն:

Այդ դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրանց կհատկացվի կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Եվ մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատրաստվում էր գալ խորհրդարան և դիմանալ ընդդիմադիր խմբակցությունների հակափաստարկներին ու հարցերին, առավոտյան նրան տհաճ անակնկալ մատուցեց իր գործընկերը:

Մասնավորապես, երեկ` Երևանում անցկացված հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի շրջանակներում ելույթ ունենալիս, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով նաև վաղ կենսաթոշակի գաղափարի իրականացմանը, հայտարարեց, որ Վրաստանում այն չի աշխատել: «Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել և լքել պաշտոնը:

Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար և կամավոր արեցին դա, մյուսները` հրաժարվեցին», – նշեց փոխվարչապետը` ընդգծելով, որ այդ մեխանիզմն այնտեղ չի աշխատել, քանի որ իրենք հասկացան, որ ճիշտ կլինի ոչ թե անձերի, այլ օրենքների փոփոխություններ անել:

Եվ ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին հղում էր անում վրացական օրինակին` ասելով, որ շատ են այդ փորձն ուսումնասիրել և բերված կարգավորումը համընկնում է Վրաստանի փորձի հետ:

Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություն ստանալ նախարարից, սակայն նա շատ կտրուկ չցանկացավ առերեսվել իրականության հետ և հրաժարվեց հարցին պատասխանելուց: Իսկ, ահա, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, այդ հարցով հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Չաշխատելու իրավիճակը հետևյալն է եղել, ես, համենայնդեպս, այդպես եմ հասկացել: Ասում է` մեզ մոտ մի մասը դիմել է, մյուս մասը` ոչ, և արդյունքում չաշխատեց:

Եվ ես ենթադրում եմ, որ նա նկատի է ունեցել հենց այդ հանգամանքը, որ, օրինակ, նախկին վատ կամ կասկածելի կադրերի փոխարեն չեն եկել նոր կադրեր, բայց դա չի նշանակում, որ մոդելը սխալ է»: Այսպիսով, ՍԴ դատավորների հարցը լուծելու համար, մի կողմից, Արդարադատության նախարարությունը օգտվել է Վրաստանի օրինակից, մյուս կողմից՝ Վրաստանի փոխվարչապետն ասում է՝ մենք ձախողել ենք: Արժե՞ արդյոք գնալ այլոց ձախողված ճանապարհով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին