Կարևոր իրադարձություններ

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

09 Դեկտեմբեր, 2019 23:27
Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

ԱՄՆ ու Իրանը Շվեյցարիայի միջնորդությամբ փոխանակվել են դատապարտյալներով:  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ նահանգների քաղաքացի, նախկին ուսանող Սյու Վանը, որը 3 տարի բանտարկված է եղել Իրանում լրտեսության մեղադրանքով,  ազատ է արձակվել։

Իրանական կողմն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ում ազատ է արձակվել Իրանի քաղաքացի, գիտնական  Մասութ Սուլեյմանին: Նշվում է, որ վերջինիս, առանց մեղադրանք առաջադրելու, ձերբակալել էին  Ամերիկայի հատուկ ծառայությունները 2018-ի հոկտեմբերին, Մինեսոթա նահանգում:

Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը թվիթերի իր էջում հայտնելով փոխանակման մասին, գրել է, որ ուրախ է տեղեկացնել, որ Վանի եւ Սուլեյմանի ընտանիքները շուտով կկարողանան տեսնել իրենց հարազատներին, որի համար շնորհակալություն է հայտնել շվեյցարական կողմին: 

Ազատ արձակված անձինք մեկնել են Շվեյցարիա, որտեղ էլ  Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի է ունեցել փոխանակումը։

Փոխանակման ժամանակ Շվեյցարիայում է գտնվել  նաև  Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ջավադ Զարիֆը անձամբ։   Նա ավելի ուշ լուսանկարներ է հրապարակել ազատ արձակված գիտնականի հետ՝ արված ինքնաթիռում եւ նշել, որ վերադառնում են հայրենիք:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն թվիթերի իր էջում հայտնել է, որ ԱՄՆ-ը կներդնի բոլոր ջանքերը՝ Իրանում եւ այլ երկրներում բանտարկված բոլոր ամերիկացիներին վերադարձնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին