Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2019 20:21
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի և տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ:

Նախագահ Արմեն Սարգսյան- Պարոն վարչապետ, ուրախ եմ, որ այսօր նորից հանդիպում ենք:

Առավոտյան հանդիպեցինք Եղեռնի հուշարձանի մոտ, որտեղ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին և խոսեցինք նաև հայոց Մեծ եղեռնի գնահատման, վերագնահատման ուղղությունների մասին:

Ուրախ եմ, որ այսօր երեկոյան մեր հերթական հանդիպումն ենք անցկացնում և, կարծում եմ, այն երկուստեք կարևոր է: Ուրախ կլինեմ՝ քննարկելու բոլոր հնարավոր խնդիրները, հարցերը, որոնք այսօր էական են և՛ մեր երկրի, և՛ մեր ժողովրդի համար, ինչպես նաև Ձեզնից լսել կառավարության հաջողությունների մասին, կամ եթե կան ինչ-որ ոլորտներ, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, ինչպես գիտեք, միշտ պատրաստ եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Ես նույնպես ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ, և վերջին ամիսներին, կարծում եմ՝ և՛ Դուք, և՛ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետև, կարծում եմ, ընդհանրապես կարևոր և հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՛, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, և քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի և արդարության ճանաչման խնդիր է, այլև ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարևոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաև որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում և այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։ Նաև տարին է ավարտվում, շատ կարևոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ Երկու-երեք օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքն ընդունվեց, և ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարևոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար: Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաև մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք։

Եվ իհարկե, Դուք նշեցիք Ձեր դիրքորոշումը՝ կառավարության և Ազգային ժողովի գործունեությանն աջակցելու առումով, և շատ կարևոր է արձանագրել և ուրախ եմ արձանագրել, որ Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջև շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված ու բավական լավ համագործակցություն կա։ Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, մանավանդ՝ սահմանադրական նոր կառուցակարգերի տրամաբանության մեջ, և մյուս կողմից, այստեղ մեր պայմանավորվածությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա։

Շարունակությունը՝ տեսանյութում.

 

Լրահոս

Դիտել ավելին