Դեկտեմբերի 7-ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Shabat.am-ի հետ զրույցում «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանը, ով ստանձնել է Գևորգ Լոռեցյանի իրավունքների պաշտպանությունը, նշեց, որ ԿԳՄՍ փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Գործի մանրամասների վերաբերյալ այս պահին որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից: Միայն կնշեմ, որ պարոն Լոռեցյանը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, ապավինում է ՀՀ արդարադատությանը և հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»:
Հարցին՝ ինչպես են վերաբերվում կալանավորման որոշմանը, արդյոք բողոքարկելու են այն, փաստաբանը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա մենք դա մոտ օրերս բողոքարկելու ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Հորդորում եմ բոլորին հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- հավելեց Լևոն Սահակյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: