Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Վրաստանի նախարարությունների միջև մշտապես առկա է փոխշահավետ գործակցություն. Բադասյան

09 Դեկտեմբեր, 2019 13:39
Հայաստանի և Վրաստանի նախարարությունների միջև մշտապես առկա է փոխշահավետ գործակցություն. Բադասյան

Հայաստանի և Վրաստանի միջև գործընկերային քննարկումները հնարավորություն են ընձեռնում համատեղ ջանքերով լուծելու արդարադատության ոլորտում ծառացած խնդիրները:

Դեկտեմբերի 9-ին Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Հատկանշական է, որ հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը այս տարի անցկացվում է դեկտեմբերի 9-ին և 10-ին, որը համընկնում է Կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության օրերի հետ: Այս համատեքստում ֆորումի կազմակերպումն այս օրերին ևս մեկ անգամ վերահաստատում է երկու բարեկամ երկրների արդարադատության նախարարությունների գործողությունները կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ»,- նշեց Բադասյանը:

Նախարարի խոսքով` վերջին տարիներին փոխադարձաբար Երևանում և Թբիլիսիում կազմակերպվել են իրավական համագործակցության երկու ֆորումներ, որոնց ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված մի շարք հարցեր:

«Համագործակցության այդպիսի ձևաչափը հնարավորություն է ընձեռում կողմերին կիսել իրենց երկրների փորձը, ձևավորել գործընկերային ջերմ հարաբերություններ, կազմակերպել երկու երկրների արդարադատության նախարարությունների աշխատակիցների շփումներ և այլն: Համոզված եմ, որ բարեփոխումների ճանապարհին միմյանցից սովորելու և մարտահրավերներին միասին դիմակայելու մեծ հնարավորություն է ստեղծված: Միևնույն ժամանակ, նմանատիպ քննարկումները մեզ հնարավորություն կընձեռեն համատեղ ջանքերով լուծելու արդարադատության ոլորտում ծառացած խնդիրները»,- եզրափակեց Բադասյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին