Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց ԶՈւ-ում կարգապահական իրավախախտումներին առնչվող օրինագիծը

09 Դեկտեմբեր, 2019 11:09
ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց ԶՈւ-ում կարգապահական իրավախախտումներին առնչվող օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Սահմանվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառմամբ առավելագույն ժամկետը: Մասնավորապես 6 ամիսը փոխարինվում է 1 տարով, իսկ նյութական վնասի հայտնաբերման դեպքում՝ 3 տարի: Երբեմն լինում է, որ դեպքից 6 ամիս անցնում է, հետո համալիր ստուգման, որոշակի պաշտոնի հանձնման-ընդունման ընթացքում է միայն այն հայտնաբերվում: Բայց այդ դեպքում, քանի որ 6 ամիսն անցնել է, այլևս հնարավորություն չկա կարգապահական տույժի ենթարկելու»,-ասաց Բալայանը:

Գործող օրենքով կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է այն, եթե այն կատարվել է նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից: Դրա փոխարեն առաջարկվում է որպես ծանրացնող հանգամանք համարել այն, եթե իրավախախտումը կատարվել է դատվածություն ունեցող զինծառայողի կողմից:  Նախատեսվում է կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու, ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցելու պահից իրավունքներին ու պարտականությունների գրավոր ծանոթացնելու պահանջը: Բալայանը նշեց՝ նախկինում դա չկար, ինչի արդյունքում բողոքները շատ էին լինում:

Նախագծով սահմանվում են ծառայողական քննության և կասեցման հիմքերը: Օրինագծով նախատեսվում են նաև մի շարք այլ կարգավորումներ ևս:  Բալայանը նշեց, որ միջգերատեսչական երկարատև քննարկումներից հետո կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին:

Օրենքի նախագիծը դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 99 կողմ ձայնով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին