Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ շանը կրակելու փաստով հարուցած քրեական գործով

09 Դեկտեմբեր, 2019 10:48
Դիլիջանի ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ շանը կրակելու փաստով հարուցած քրեական գործով

Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու փաստի առթիվ հարուցած քրեական գործի շրջանակում Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանին, որը նաեւ հիշյալ ռեստորանի սեփականատերն է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղաջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 1-ին: Օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 4 ականտեսի աչքի առաջ Դիլիջանի «Գետափ»-ում կրակել են այնտեղ բնակվող շան վրա: Նա ահազանգել էր ոստիկանություն, որտեղ էլ սկսել էին նյութեր նախապատրաստել: Ավելի ուշ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Դեպքի առթիվ դեկտեմբերի 3-ին հարուցվել էր քրեական գործ: Նշեք, որ ռեստորանի սեփականատերը ներողություն է խնդրել, այնուհետեւ հայտնել, որ դա իր շունն է եղել, եւ նրան սպանել են, որովհետեւ վերջին օրերին մի քանի անգամ հարձակվել էր մարդկանց վրա:
 

Լրահոս

Դիտել ավելին