Թբիլիսիում դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը։
Հովհաննես Թումանյանն ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հայ գրական, հասարակական անդաստանում Հովհաննես Թումանյանի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ: Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրան ուսումնասիրում են դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանում են, երգում:
Վիրահայոց թեմը, համագործակցելով Վրաստանի և ՀՀ պետական և հասարակական հաստատությունների հետ, 2019 թվականին իրագործեց Մեծն Թումանյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում: Հոբելյանական միջոցառումների ավարտ կդառնա Հովհաննես Թումանյանին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը, որը տեղի կունենա Վրաստանի Մշակույթի նախարարության հանդիսությունների սրահում: Այդ գրքերն են «Տասը հեքիաթ» ժողովածուն՝ հայերեն և վրացերեն, «Թումանյան-150» ժողովածուն՝ հայերեն և վրացերեն և «Հովհաննես լուսեղեն» գիրքը՝ վրացերեն:
«Թումանյան-150» ժողովածուի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի Մշակույթի նախարարության «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակներում, Վիրահայոց թեմի և Վրաստանի գրողների միության «Թումանյան-150» նոր թարգմանությունների գրքի կազմման և տպագրության նախագծով, որի հեղինակներն են Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, խորհրդատու՝ Երևանի Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյան: Գրքում զետեղված են Թումանյանի չթարգմանված քառյակները, ավելի վաղ թարգմանված մի քանի բանաստեղծություններ և նամակներ: Ժողովածուի առաջաբանը գրել է հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բոնդո Արվելաձեն: