Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

06 Դեկտեմբեր, 2019 21:21
ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը  3-րդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:

Մենենդեսը ծավալուն ելույթ է ունեցել՝ հորդորելով կոնգրեսականներին թույլ չտալ, որ Թուրքիան որոշի ամերիկացիների հայացքները, պատմության ընկալումն ու սեփական կարծիքը:

Ելույթի ընթացքում սենատորը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով N150 բանաձեւին՝ այդպիսով թույլ տալով այն ընդգրկել Սենատի օրակարգ:

 

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- ասել է Մենենդեսը: 

Նրան շարունակել է հանրապետական գործընկեր Թեդ Քրուզը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Քրուզը նաեւ հայտարարել է, որ ճանաչումը որեւէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և դաշնակիցները պիտի միմյանց ասեն ճշմարտությունը»,- ընդգծել է Քրուզը:

Այս ամենից հետո, սակայն, Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը երրորդ անգամ արգելափակվել է՝ Հյուսիսային Դակոտայի սենատոր Քեւին Քրամերի կողմից: Նա վետո է կիրառել՝ հայտարարելով. «Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները եւս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Մենենդեսն էլ ի պատասխան նշել է, որ մտադիր է այդ փաստաթղթով ելույթ ունենալ սենատում ամեն շաբաթ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կրկին արգելափակվել է Սպիտակ տան ցանկությամբեւ խնդրանքով:

Նշենք, որ ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի` մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատին 2 անգամ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի վրա վետո էին դրել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմը և Դեյվիդ Փերդյուն, սակայն նրանք նշել են, որ չեն պատրաստվում դա անել երկրորդ անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին