Կարևոր իրադարձություններ

Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում. ՍԱՏՄ

06 Դեկտեմբեր, 2019 20:32
Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում. ՍԱՏՄ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմակերպվել էր սեմինար-ուսուցում սպանդանոցների ներկայացուցիչների համար, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն սպանդանոցների առավել կանոնակարգված գործունեությանը: «Ցանկացած խնդրի, դժվարության, անհասկանալի իրավիճակի հանդիպելիս դուք կարող եք դիմել ՍԱՏՄ ձեր մարզային կառույցին և ստանալ համապատասխան սպառիչ խորհրդատվություն»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Սննդամթերքի անվտանգության միջազգային փորձագետ Արտավազդ Բաղդասարյանը մասնակիցներին է ներկայացրել սպանդանոցների գործունեության միջազգային փորձը, դրանց գործարկման նրբությունները, կենդանիների փոխադրման ու սպանդից առաջ պահելու կանոններից մինչև մորթի ու իրացման վայր հասցնելու ընթացակարգը, սպանդանոցներում վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու սկսված գործընթացը սահուն ու անցնցում անցկացնելու համար անհրաժեշտ հմտությունները: Սպանդանոցային գործունեությունը պետք է լինի թե շահավետ, թե հետաքրքիր, նշել է նա:

Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, գյուղացիների հետ հարաբերությունների ու փոխհամաձայնության, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին:

ՍԱՏՄ մասնագետները ևս մեկ անգամ խոսել են սպանդանոցներին ներկայացվող պահանջների, մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձև 5 փաստաթուղթը տրամադրելու կարգի, ինչպես նաև սպանդանոցների վերահսկողության գործընթացի մասին՝ շեշտելով, որ, կենդանական ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնությամբ պայմանավորված, շղթայի բոլոր փուլերում, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, վերահսկողությունը ուժեղացվելու է:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ ամենօրյա վերահսկողության օրակարգում:

 

Լրահոս

Դիտել ավելին