Կարևոր իրադարձություններ

Զ․ Մնացականյանը Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները

06 Դեկտեմբեր, 2019 16:06
Զ․ Մնացականյանը Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները

Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Ալբանիայի իր գործընկերոջը՝ ԵԱՀԿ նախագահության առաջիկա ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը ալբանական նախագահության առաջնահերթություններին:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության  առջև ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները՝ վերահաստատելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին ունեցած իր ելույթում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա է համագործակցության խթանման մեծ ներուժ, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով աշխատել այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ: Ուրվագծվել են երկկողմ օրակարգի հարստացման և քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

 

Լրահոս

Դիտել ավելին