Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա ԵԱՏՄ տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է․ Փաշինյան

06 Դեկտեմբեր, 2019 12:15
ՀՀ-ում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա ԵԱՏՄ տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է․ Փաշինյան

Հայաստանում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա մեր տարածաշրջանում, ԵԱՏՄ տարածաշրջանում, հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է։ Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա թվարկեց, որ արդյունաբերությունը աճել է 8,8%-ով, մշակվող արդյունաբերության աճը կազմել է 9,3%, շինարարությունն աճել է 4,5%-ով, ծառայությունների աճը կազմել է 15,1%, առեւտրի շրջանառությունն աճել է 8,9%-ով, արտահանման աճը կազմել է 7,2%, աշխատավարձերի աճը՝ 5,9%։

Այս ամենի ֆոնին՝ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ն այսօր կրկին համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճերից մեկը, եւ պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6%-ով, ՀՀ-ում՝ ընդամենը 0,1%-ով։

Մենաշնորհների հաղթահարման առումով էլ վարչապետն ասաց, որ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն եւ աննախադեպ ցածր մակարդակի վրա։ Ընդ որում, ինչպես հայտարարեց նա, ՀՀ-ն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ, օրինակ, այս սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ գնանկում է արձանագրվել․ «Ես չգիտեմ՝ աշխարհում երկրորդ երկիրը կարո՞ղ եք գտնել, թե՞ ոչ»,- հավելեց գործադիրի ղեկավարը՝ շարունակելով․

«Սրանք ոչ թե լավ, սրանք շատ լավ ցուցանիշներ են, որոնք հասկանալիորն փորձ է արվում կասկածի տակ դնել մեր որոշ ընդդիմախոսների կողմից։ Ընդ որում՝ պաշտոնապես հրապարակված այն թվերը, որոնք անկումներ են արձանագրում, ոգեւորությամբ արձանագրվում են մեր ընդդիմախոսների կողմից։ Օրինակ, հունիսին, երբ ընդամենը 3,3% տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք, այդ 3,3%-ը դարձել էր հակահեղափոխական դրոշ՝ մեզ ու ձեզ հայտնի անձանց ձեռքին, իսկ երբ խոսք է գնում նույն տվյալներով աճ է արձանագրվում, ասում են՝ չէ՛։ Ընդ որում՝ հղում են անում էդ նույն վիճակագրության ուրիշ տողի վրա՝ հերքելու էն մյուս տողը։ Սա հասկանալի տրամաբանություն չէ, բայց ՀՀ-ում վիճակագրության հետ կապված պրոբլեմը բոլորս գիտենք»։

Վերացարկվելով վիճակագրական ցուցանիշներից՝ վարչապետը նշեց, որ ՀՀ-ում միջազգային պահուստները 2019-ի հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա, ընդ որում՝ 2018-ի նույն ամսվա համեմատ աճել են 386 մլն դոլարով կամ 19%-ով․

«ՀՀ ԿԲ-ն մեկ այլ աննախադեպ ցուցանիշ է արձանագրել․ այս տարի 521 մլն դոլար գնվել է ՀՀ-ում։ Սա տնտեսական ցուցանիշների ուղիղ վկայությունն է, որովհետեւ 521 մլն դոլար ՀՀ-ում դարձվել է դրամ։ Ի՞նչ են արել էդ փողը, եթե բարձի տակ պիտի պահեին՝ դոլար կպահեին, ինչի էին դոլար պահում, կամ չէին գա ընդհանրապես, բայց դա օգտագործվել է, շրջանառվել է ՀՀ-ում։ Տնտեսական էֆեկտ չի ունեցե՞լ, լավ, չի ունեցել, բայց ՀՀ-ի 2019-ի պետբյուջեն գերակատարվում է 89 մլրդ դրամով։ Բա որտեղի՞ց, եթե վիճակագրական տվյալները սուտ են»։

Փաշինյանը չխուսափեց նաեւ նեգատիվ ցուցանիշներից։ Նա հաստատեց, որ այո, գյուղատնտեսության ոլորտում ունենք անկում, բայց պետք է հասկանանք, թե որքանով այդ անկումը կապ ունի նախկինում արձանագրված, օրինակ, կեղծ մթերումների, կեղծ արտահանումների հետ․

«Դուք չգիտե՞ք դրա մասին, որ կեղծ խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձեւակերպեն հայկական կոնյակ: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ, չգիտեմ՝ ինչ են բերել, հայկականի տակ ձեւակերպել են: Փակել ենք այդ ճանապարհը եւ ճիշտ ենք արել։ Բայց հիմա գյուղոլորտում ունենք արտահանման աճ. Պատրաստի սննդի արտահանման աճը կազմում է 14,9 տոկոս, բուսական արտադրանքի աճը՝ 15,2 տոկոս: Վարունգի արտահանման աճել է 409 տոկոսով: Ներսի տնտեսությունը սկսել է աշխատել։ Սրանք առողջացման պրոցեսներ են»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին