Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. «Փաստ»

06 Դեկտեմբեր, 2019 09:35
ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել են ՀՔԾ, ինչին հաջորդեց այն լուրը, թե հնարավոր է նրան նաև մեղադրանք առաջադրվի, միանգամից ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսել են տասնյակ մարդիկ հավաքվել, որոնք բավականին անհանգիստ են եղել, սակայն, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, առանձնապես «դուխից» ընկած չեն եղել։

ՀՀԿ-ականներն այնտեղ սպասել են Սերժ Սարգսյանին։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, երբ Սարգսյանը վերադարձել է գրասենյակ և տեսել է՝ ինչքան մարդ է հավաքվել, ժպտացել է ու կատակել, թե՝ «ի՞նչ եք խառնվել, ես դեռ էստեղ եմ, չեմ պատրաստվում տեղ գնալ»։ Երրորդ նախագահը բավականին մարտական տրամադրություն է ունեցել և ամենևին ընկճված չի եղել։

Տեղեկություններ ունենք նաև, որ ընդհուպ մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ և՛ մարդկանց աժիոտաժով, և՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով։

Մեր աղբյուրի պնդմամբ, ՀՀԿ-ականները մինչև ուշ երեկո գտնվում էին գրասենյակում, ինչի հետ կապված Սերժ Սարգսյանը զայրացել է՝ ասելով՝ «ինչի՞ չեք տուն գնում, ամենքդ գնացեք ձեր գործին»։

Սակայն ՀՀԿ-ականները շարունակել են մնալ Մելիք-Ադամյանում։ Այդ ժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե՝ «այդ դեպքում առաջինը ես կգնամ», և առաջինն է լքել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որից հետո մնացածները նույնպես ցրվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին