Կարևոր իրադարձություններ

Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

05 Դեկտեմբեր, 2019 21:53
Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

Armtimes-ը գրում է.

Բոլոր նրանց, ովքեր նախատեսում են Ամանորը տոնել ոչ թե տանը, այլ Հայաստանի որեւէ այլ անկյունում, հյուրանոցներն ու հյուրատները բազմազան առաջարկներ ունեն: 

Դրանք շատ տարբեր են՝ գերշքեղից մինչեւ փոքրիկ սենյակ՝ տարրական հարմարություններով: Ըստ այդմ, նաեւ խիստ տարբեր են գները: Դիտարկելով դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը երկու անձի համար առկա առաջարկները՝ կարող ենք նշել, որ այս պահին ամանորյա տոնական եռուզեռից ասենք երեք օրով խուսափել եւ տոնական տրամադրությամբ հանգստանալ հնարավոր է՝ վճարելով ընդամենը 4 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ: 

Շիրակի մարզում երկու անձի համար եռօրյա հանգիստն արժե 6 հազարից 191 հազար դրամ. գերակշռում են միջին գները՝ 15 հազար, 22 հազար, 43 հազար դրամ:

Լոռիում հանգստանալը կարող է արժենալ 5 հազարից 22 հազար դրամ:

Տավուշում ոչ պակաս, քան 6 հազար 700, իսկ ամենաշատը 45 հազար դրամ կպահանջվի:

Արագածոտնում հանգիստը կարժենա 4 հազար 400-ից 35 հազար 150 դրամ:

Կոտայքում երեք օր հանգստանալու դիմաց կպահանջվի 6 հազար 500-ից 95 հազար դրամ:

Արմավիրում հնարավոր է հանգստանալ 4 հազարից 110 հազար դրամով. գերակշռում են 12-45 հազար դրամանոց առաջարկները:

Արարատում առաջարկվում է 4 հազարից 65 հազար դրամով հանգստանալ. շատ են հյուրանոց-հյուրատները, որ այդ երեք օրը կսպասարկեն ձեզ ընդահանուր առմամբ 12-30 հազար դրամի դիմաց:

Գեղարքունիքում հնարավոր է ամանորյա եռօրյակն երկու հոգով անցկացնել 6 հազար 700-ից 47 հազար դրամով:

Վայոց Ձորում 3 հազար 8 հարյուրից 32 հազար 800 դրամ կպահանջվի:

Սյունիքում գնային ցատկը մեծ չէ՝ 6 հազարից 23 հազար:

Արցախում մինիմալ հարմարություններով երեք օրով տուն կվարձակալեք 30 հազար դրամով, իսկ նախագահական սենյակում ձեր զույգի երեք օր անցկացնելը կարժենա ընդհանուր 300 հազար դրամ:

Երեւանը կհյուրընկալի ձեզ 7 հազար 500-ից 106 հազար դրամով: Հետաքրքիր է, ի դեպ, որ 106 հազար դրամ արժեքը նախատեսված է եռաստղանի հյուրանոցի համար, իսկ հինգ աստղ ունեցող հյուրանոցներ կան, որոնք առաջարկում են եռօրյա տոնական հանգիստ 72 հազար, 45 հազար եւ 38 հազար դրամի դիմաց:

Առաջարկները նաեւ բազմազան են. մատչելի պայմաններով «մահճակալ եւ շրջագայություն», «մահճակալ եւ նախաճաշ» (bed&tour, bed&breakfast) տարբերակներից մինչեւ 3-անգամյա սնունդ, առանձին մանկական սենյակ, լողավազան, ֆիթնես սրահ, բիլիարդ, կինոթատրոն, սեղանի թենիս, Ամանորի շոու ծրագիր եւ ընթրիք: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հոթել էյեմ»-ից հայտնեցին, որ Ամանորի համար թե՛ Հայաստանից եւ թե՛ արտերկրից սենյակներ ամրագրել սկսել են դեռ հոկտեմբերից: Առավել մեծ է Աղվերանի, Դիլիջանի եւ Ծաղկաձորի հյուրանոցային համարների պահանջարկը:

Թեպետ այս տարի նախորդ տարիների համեմատ հյուրանոցներում սենյակների վարձակալությունն ակտիվ չէ, հյուրընկալները նախատեսում են զարմացնել ու հիացնել իրենց հյուրերին՝ կազմելով նոր ծրագրեր: Վանաձոր, Գյումրի, Ծաղկաձոր քաղաքների հյուրանոցների մեր հարցումները ցույց տվեցին, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս շրջանում վարձակալված էին լինում բոլոր սենյակները, այս տարի դեռևս կան ազատ սենյակներ եւ տնակներ: «Տոներին, իհարկե, պատրաստվում ենք, ինչպես միշտ»,- մեզ հետ զրույցում նշեցին հյուրանոցների աշխատակիցները:

Եվ այսպես, եթե որոշեցիք շրջագայել առաջարկների համացանցային տիրույթով, կարող եք օգտվել google.com/travel/hotels համակարգից եւ վերը նշված առաջարկներին ծանոթանալ ըստ առանձին բնակավայրերի:

 

Լրահոս

Դիտել ավելին