Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը արգելափակող սենատորը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

05 Դեկտեմբեր, 2019 13:44
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը արգելափակող սենատորը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտնել է անձամբ Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:

Նշվում է, որ Գրեհեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:

Լրագրողների հետ հանդիպմանը «Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ինչո՞ւ է այդքան երկար տևում» հարցին ի պատասխան՝ Գրեհեմն ասել է, որ ինքը ցանկանում էր Թուրքիային ժամանակ տալ Սպիտակ տան հետ S-400 համակարգերի հարցը լուծելու համար:

«Բայց այնպես է երևում, որ այդ գործընթացն առաջ գնալու փոխարեն հետ է գնում»,- պարզաբանել է Գրեհեմը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել, որոնցից դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին