Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը ՀՀ-ն լքած մեղադրյալների հարցում ավելի կարևոր է համարում օրենքի տեսանկյունից անաղարտ մնալը

04 Դեկտեմբեր, 2019 21:20
Փաշինյանը ՀՀ-ն լքած մեղադրյալների հարցում ավելի կարևոր է համարում օրենքի տեսանկյունից անաղարտ մնալը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր քրեական գործերով մեղադրվող և Հայաստանը լքած նախկին պաշտոնյաների հարցում առավել կարևոր է համարում օրենքի ու սկզբունքների տեսանկյունից մաքսիմալ անաղարտ լինելը:Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Երկու եզր կա: Մի եզրն օրինականությունն է, մյուս եզրը արդարությունը և արդարության հանրային ակնկալիքները, որոնք կիսում ենք նաև մենք: Ես ուզում եմ ուղիղ ասել, օրինակ՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հարցը, նա թողեց, Հայաստանից հեռացավ: Նա հեռացավ մի պայմաններում, որ ինքն էլ գիտեր, բոլորն էլ գիտեին, որ իրեն պետք է մեղադրանք առաջադրվի: Այո, շատ օբյեկտիվ մեղադրանք է հնչում, թե ինչու նա գնաց, բայց այդ օբյեկտիվ մեղադրանքը քաղաքական մեղադրանք է, իրավական մեղադրանք չէ, որովհետև, եթե մենք իրեն թույլ չտայինք գնալ, դա լինելու էր ապօրինություն: Մենք ունենում ենք այպիսի իրավիճակներ: Քննություն կա, և մարդը գիտի, թե ինչ է արել, և մտածում՝ մեկ ամիս առաջ թողնեմ, գնամ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հենց երեկ այդպիսի մի հարց է քննարկվել:

«Կա անձ, որը ենթադրում ենք, որ ինքն էլ գիտի, որ շուտով իրեն մեղադրանք է առաջադրվելու, և մեծ հավանականություն կա, որ, երբ այդ պահը հասունանա, ինքը Հայաստանի Հանրապետությունում չի լինի: Երեկ հարցնում էի՝ կարող ենք արգելել ՀՀ-ից նրա ելքը, և ինձ ասում էին՝ եթե մեր սկզբունքն օրինականությունն է, օրենքով մենք նման բան անել չենք կարող: Մի մասին կհաջողվի վերադարձնել, մյուս մասին չի հաջողվի, բայց այստեղ ամենակարևորն այն է, որ մենք օրենքի և խղճի տեսակետից, և հռչակված սկզբունքների տեսանկյունից լինենք մաքսիմալ անաղարտ»,- նշեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին