Կարևոր իրադարձություններ

Հակամարտություններով լի աշխարհում հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքը անկախ պետականությունն է. Վիգեն Չիտեչյան

16 Հոկտեմբեր, 2015 19:00
Հակամարտություններով լի աշխարհում հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքը անկախ պետականությունն է. Վիգեն Չիտեչյան

Փարիզի հռչակավոր Petit Palais թանգարանում հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրի հրավերով միջոցառմանը մասնակցել են հազարավոր հյուրեր, որոնց թվում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հարյուրից ավելի պատգամավորներ, սենատորներ, տեղական մարմինների ղեկավարներ, Հայաստանի և Արցախի բարեկամ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, Ֆրանսիայի հ այկական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Եվրոպական հարցերով պետնախարար Առլեմ Դեզիրը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Ժան Պոլ Հյուշոնը։

Դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը ողջունել են բարձրաստիճան հյուրերին, ինչին հաջորդել է ընդունելության պաշտոնական մասը՝ թանգարանի հյուրընկալությունների սրահում:

ՀՀ դեսպանը հանդես է եկել Ազգային տոնի պաշտոնական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Խորհրդանշական այս տարում, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, անկախության օրը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում: Այն ցեղասպանության զոհերին և Եղեռնը վերապրած մեր բոլոր նախնիներին ուղղված հայտարարության օրն է. «Մեզ ուզում էին բնաջնջել, վերացնել աշխարհի քարտեզից, բայց մենք մնացինք կանգուն: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ մենք ունենք անկախ, ինքնիշխան Հայաստան և սեփական պատմությանն ու արմատներին հավատարիմ ժողովուրդ սփռված ողջ աշխարհով»:

«Մենք վստահ ենք, որ հակամարտություններով և վտանգներով լի ներկայիս աշխարհում, հայ ժողովրդի ապագայի միակ իրական երաշխիքը ինքնիշխան ու անկախ պետականությունն է: Սա է մեր Անկախության գլխավոր նպատակը:
Լինելով մարդկության դեմ հանցագործության զոհ՝ հայ ժողովուրդն իր պարտքն է համարում մշտապես լինել հանուն մարդկության մղվող պայքարի առաջին գծում: Լինել բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն արդարության, խաղաղության, մարդկային արժեքների, համընդհանուր ազատությունների և իրավունքների. ահա մեր Անկախության մյուս կարևորագույն նպատակÕ ¨: Լինել անկախ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու գործին լիակատար մասնակցություն ունենալու համար. սա մեծ հավակնություն է մեր երիտասարդ հանրապետության համար, բայցև բարոյական պարտավորություն հայերի պես հինավուրց ժողովրդի համար», – եզրափակել է իր ուղերձը դեսպան Չիտեչյանը:

Հանդիսավոր ընդունելության պաշտոնական մասին հաջորդել է մշակութային ծրագիրը` ընդունելությանը մասնակցելու նպատակով Երևանից հատուկ ժամանած Մալխաս Ջազ Բենդի ելույթով:

 

Լրահոս

Դիտել ավելին