Կարևոր իրադարձություններ

Վահրամ Բաղդասարյանի հիմնած ընկերության շենքի արժեքը քիչ է գնահատվել. 1 մլրդ դրամի վնաս է հասցվել պետությանը

04 Դեկտեմբեր, 2019 11:52
Վահրամ Բաղդասարյանի հիմնած ընկերության շենքի արժեքը քիչ է գնահատվել. 1 մլրդ դրամի վնաս է հասցվել պետությանը

Ոստիկանությունն ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ է հայտնաբերել, որոնց հիման վրա ընկերությունն անշարժ գույքի դիմաց ավելի քան 4 անգամ քիչ գույքահարկ է վճարել համայնքին։

Փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի որոշման մեջ նշված է. «Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, ելնելով խմբային շահերից և անձնական դրդապատճառներից, գիտակցելով, որ քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է 40 միլիոն դրամը, 2009 թվականի հուլիսի 16-ին կազմել և իրենց ստորագրությամբ հաստատել են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին ուղղված կեղծ գրություն, որում առանց համապատասխան հիմքերի, կեղծ տեղեկություններ են ներառվել հիշատակված անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ»։ 2005 թվականին «Վանսեյսմշին» անշարժ գույքի գնահատող ընկերության կազմած տեղեկանքի համաձայն՝ շենքի իրական արժեքը կազմել է 130 միլիոն 102 հազար դրամ։

Մինչդեռ ընդամենը չորս տարի անց Կադաստրի պետական կոմիտեն «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի շենքի արժեքը նվազեցրել է 3,2 անգամ և այդ մասին գրություն ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավարին։ Ոստիկանության բաժնի պետն իր որոշման մեջ նշել է, որ Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքն զգալիորեն նվազեցվել է, որի արդյունքում անցած 10 տարիներին անշարժ գույքի գույքահարկի գումարը պակաս է հաշվարկվել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ ՀՀ գույքահարկի մասին օրենքի համաձայն՝ 40 միլիոն դրամից բարձր կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափը 4,5 անգամ թանկ է մինչև 40 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների համեմատ։

Այս դեպքում «ՎԱԲԱ» ընկերությունն անցած տասը տարիներին շուրջ 1 միլիարդ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին։ Նշենք, որ 2003 թվականին ՎԱԲԱ ընկերությունը սնանկացած ֆաբրիկայի շենքը ձեռք էր բերել ընդամենը 2,5 միլիոն դրամով՝ 52 անգամ էժան երկու տարի անց գնահատված արժեքից։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։


 

Լրահոս

Դիտել ավելին