Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Լավրովի՝ Երևանում ու Բաքվում ունեցած հայտարարությունները վկայում են կարգավորման գործընթացում կատարվող ինչ-որ տեղաշարժերի մասին»

03 Դեկտեմբեր, 2019 20:21
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
«Լավրովի՝ Երևանում ու Բաքվում ունեցած հայտարարությունները վկայում են կարգավորման գործընթացում կատարվող ինչ-որ տեղաշարժերի մասին»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանը և Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա»,- այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չէ: Այդ հակամարտությունը առավել երկարատևներից մեկն է ԱՊՀ տարածքում: Այսօրվա և երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,- ասել է Լավրովը:

Նա նաև հայտարարել է, թե դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում՝ երկու երկրների արտգործնախարարների և ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ։ «Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ ԱԳ 2 նախարարների և ՄԽ 3 համանախագահող երկրների նախարարների։ Եթե ինչ-որ պատճառներով դա անհնար լինի, հավանաբար եռանախագահող երկրների արտգործնախարարներն իրենց դիրքորոշումը կարձանագրեն թղթի վրա, բայց հուսով եմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ասել է Լավրովը։ Նա նաև խոսել է հակամարտության կարգավորման որոշման հարցում երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների մասնակցության մասին:

«Ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողում, որոնք ապրում են Ադրբեջանում, Հայաստանում և Ղարաբաղում, և որքան առավել մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծից այն կողմ, այնքան ավելի դյուրին ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջև կապերի վերահաստատմանը, որոնք, ի դեպ, որոշակի փուլում իրականացվում էին, հետո սառեցվեցին։ Սա շատ հեռանկարային թեմա է, որովհետև արդյունքում, այնուամենայնիվ, ԼՂ ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»,- հայտարարել է Լավրովը։

Հիշեցնեմ, որ նոյեմբերի սկզբին Երևան կատարած այցի ընթացքում ևս Սերգեյ Լավրովը խոսել էր հակամարտության վերջնական կարգավորման փաստաթղթի ընդունման գործընթացում Արցախի ժողովրդի մասնակցության մասին: Նա ըստ էության նույնը կրկնել է նաև Բաքվում՝ փոքր-ինչ այլ, պատկերավոր ասած՝ ավելի ադրբեջանահաճո ձևակերպումներով (Ադրբեջանի ղարաբաղյան համայնք):

Ուշագրավ է, որ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից նման հայտարարություններ են հնչում արտգործնախարարների վաղվա հանդիպումից ժամեր առաջ: Նույնքան հետաքրքիր է վաղվա հանդիպման արդյունքում հնգակողմ հայտարարություն ընդունելու Լավրովի ակնկալիքը: Ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-ինչ տեղաշարժեր են կատարվում, որոնք դեռևս տեսանելի չեն: Առանց լուրջ տեղաշարժերի հազիվ թե ՌԴ արտգործնախարարը խոսեր հնգակողմ հայտարարության ակնկալիքի մասին:

 

Ուշադրության է արժանի նաև փաստը, որ վերջին ամիսներին նկատվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական կողմի ակնհայտ ակտիվացում-դոմինանտացում՝ արևմտյան միջնորդների նույնքան ակնհայտ պասիվացման համատեքստում: Դա մեզ համար կարող է պարունակել ինչպես հնարավորություններ, այնպես էլ սպառնալիքներ, մասնավորապես հայտնի Լավրովյան պլանի վերակենդանացման հավանականության տեսքով: Այնպես որ, մեր դիվանագիտությունը այս փուլում պետք է առավել քան զգոն լինի՝ փորձելով օգտագործել ռուսական գործոնի ակտիվացման հնարավորությունները՝ միաժամանակ չեզոքացնելով հնարավոր սպառնալիքները:

Ի դեպ, այսօր հայտնի է դարձել ևս մեկ ուշագրավ իրադարձության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաև կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:

Իսկ նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխադարձ այց. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Լավրովի՝ Երևանում ու Բաքվում ունեցած հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների այս փոխայցերը ևս վկայում են կարգավորման գործընթացում կատարվող ինչ-որ տեղաշարժերի մասին:

Դրանց մասին ավելի առարկայական պատկերացում հնարավոր կլինի կազմել արտգործնախարարների վաղվա հանդիպումից հետո՝ առավել ևս, եթե ընդունվի հնգակողմ հայտարարություն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին