Կարևոր իրադարձություններ

Պետական վերահսկողության գործընթացը Հանրակրթական հաստատություններում շարունակվում է

03 Դեկտեմբեր, 2019 17:21
Պետական վերահսկողության գործընթացը Հանրակրթական հաստատություններում շարունակվում է

2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի եւ մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում եւ խոհանոցներում:

Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում եւ մանկապարտեզներում.

Երեւան՝ 4 - Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 եւ Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում հայտնաբերվել են թերի մակնշմամբ եւ կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է, պահման պայմանների խախտմամբ պիցցա եւ հոթդոգ, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Գեղարքունիք՝ 5 - Սեւանի տարածաշրջանի Գագարին գյուղի, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի, Վարդենիսի տարածաշրջանի Կախակն համայնքի, Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղի թիվ 1 եւ Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաեւ սննդամթերքի մակնշման խախտումներ:

Արարատ՝ 7 - Նոյակերտ, Բարձրաշեն, Այգեստան գյուղերի,  Արարատ գյուղի թիվ 3 եւ Արարատ գյուղի Վ․Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցների, Ոսկետափ համայնքի եւ Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզներում պայմանագրով նախատեսված փափուկ մսի փոխարեն մատակարավել է ոսկրոտ միս (Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց), պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն մատակարավել է 18 տոկոսանոց թթվասերային բուսասերուցքային արտադրանք, խտացրած կաթը պարունակել է բուսական յուղ, տեղական արտադրության յոգուրտի փոխարեն մատակարվել է ռուսական արտադրության յոգուրտ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Արմավիր՝ 4 - Լուկաշին եւ Տանձուտ գյուղերի միջնակարգ, Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 եւ Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաեւ սննդամթերքի մակնշման խախտումներ:

Տավուշ՝ 2 - Նոյեմբերյանի թիվ 2 եւ Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի եւ սննդամթերքի մակնշման խախտումներ:

Վայոց Ձոր՝ 1 – Արենի գյուղի միջնակարգ դպրոցում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, դպրոցի խոհանոցն ունի վերանորոգման կարիք:

Կոտայք՝ 2 – Գեղաշեն եւ Արգել գյուղերի միջնակարգ դպրոցներում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, խոհանոցներն ունեն վերանորոգման կարիք:

Շիրակ՝ 3 - Գուսանագյուղ, Քարաբերդ գյուղերի եւ Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եղել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, Մարալիկի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է նաեւ մակնշման շեղումներով սննդամթերք, ինչպես նաեւ 90 հատ ժամկետանց ձու:

Արագածոտն՝ 4 – Եղիպատրուշ, Նիգավան գյուղերի միջնակարգ, Դդմասար գյուղի հիմնական դպրոցներում մատակարարվում են միայն բուլկիներ եւ բնական հյութ, իսկ խոհանոցների սանիտարահիգիենիկ անբավարար պայմանները թույլ չեն տալիս գործարկել դրանք: Օշական գյուղի հիմնական դպրոցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, հայտնաբերվել է նաեւ անհայտ ծագման պանիր եւ պիտանիության ժամկետի բացակայությամբ աղ, որոնք տեղում ոչնչացվել են:

Սյունիք՝ 5 – Օխտար, Ծավ, Վաղատին, Դարաբաս գյուղերի միջնակարգ եւ Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցների խոհանոցների գործունեությունը եւ հանրային սննդի կազմակերպումը դադարեցված է, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Լոռու մարզում վերահսկողությունն ընթացքի մեջ է:

Բոլոր դպրոցներում տրվել են մակնշման թերություններով արտադրանքի իրացումը, որոշ դեպքերում՝ խոհանոցների եւ բուֆետների գործունեությունը կասեցնելու, հիմնանորոգման կամ վերանորոգման կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ, իսկ հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հիշեցնենք, որ պետական վերահսկողություն է իրականացվել նաեւ  Արտաշատ քաղաքի բոլոր 6 դպրոցներում, որտեղ նույնպես հայտնաբերվել էին թե սանիտարահիգիենիկ նորմերի, թե մակնաշման խախտումներ, թե չթույլատրված սննդամթերքի իրացում: Թիվ 2 դպրոցում հայտնաբերվել էր նաեւ մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձեւ 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական, որի կապակցությամբ հաղորդում էր տրվել ՀՀ դատախազություն:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր դպրոցներում:

Հորդորում ենք նաեւ հանրակրթական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներին ուշադիր լինել դպրոցների ու մանկապարտեզների ճաշարաններում մատուցվող կամ բուֆետներում վաճառվող սննդամթերքի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ եւ թերություններ նկատելու դեպքում զանգել ՍԱՏՄ թեժ գծին (010) 20-60-40 հեռախոսահամարով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին