Կարևոր իրադարձություններ

Զովաշենն ունի կահավորված ու ջեռուցվող համայնքային բացառիկ կենտրոն

03 Դեկտեմբեր, 2019 17:13
Զովաշենն ունի կահավորված ու ջեռուցվող համայնքային բացառիկ կենտրոն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա է գտնվել Ակունք խոշորացված համայնքի բարձրլեռնային Զովաշեն բնակավայրի համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Կենտրոնի բացումն իրականություն է դարձել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-սփյուռք եռակողմ արդյունավետ գործակցության արդյունքում:

«Լինելով բարձրլեռնային բնակավայր ու չունենալով որևէ կրթական հաստատություն (այստեղ մի քանի տարի առաջ դպրոցը փակվել է, 7 աշակերտները դպրոց են հաճախում Հատիսում)՝ Զովաշենը նման կենտրոնի կարիք իսկապես ուներ: Այստեղ 6-7 ամիս ձմեռ է, բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, իսկ երեխաները դպրոցից հետո ինքնակրթությամբ զբաղվելու ու պարզապես միմյանց հետ շփվելու որևէ հարթակ չունեին: Այս ծրագրի իրականացմամբ մենք լրացրեցինք այդ բացը և մեկ քայլով ավելի մոտեցանք մեր՝ բնակչի վերափոխումը քաղաքացու տեսլականի իրականացմանը:

Սփյուռքում բնակվող մեր հայրենակից Թագուհի Օհանյանի գլխավորությամբ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին (և ոչ միայն), ովքեր իրենց լուման են ներդրել այս լուսավոր ծրագրում: Նշեմ, որ համայնքային կենտրոնը գործում է անվճար հիմունքներով: Սենյակներն ամբողջովին կահավորված են ու ջեռուցվում են: Կենտրոնում կա հանդիսասրահ, փոքրիկների համար նախատեսված դասապատրաստման սենյակ, որն, ի դեպ, կրում է լեգենդար «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անունը»,-իր խոսքում նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նշենք, որ սենյակներին կից գործում է գրադարան, որն արդեն համալրված է բազմաթիվ գրքերով:

Մարզպետը նույնպես գրադարանին նվիրաբերեց մի քանի հետաքրքիր գրքեր, որոնք կզարգացնեն ու կընդլայնեն փոքրիկների աշխարհայացքը:

Կենտրոնում իրենց հանգստի սենյակն ունեն նաև ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր արդեն իսկ նարդի և շախմատ էին խաղում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին