Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը

02 Դեկտեմբեր, 2019 21:26
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը

ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-20։00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24): Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը: Մեծ է Դավիթ Սեդրակյանի ներդրումը գիտության մեջ, հատկապես տեսական աստղաֆիզիկայի ոլորտում: Նրա ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակներում ստացած լուծումը գիտական մեծ արժեք է ունեցել՝ առաջարկելով պտտվող կոնֆիգուրացիաների պարամետրերի հաշվման նոր մեթոդ: Այն հաստատել է անգլիացի Է. Հյուիշի առաջադրած գիտական վարկածը, ըստ որի՝ բաբախիչները պտտվող նեյտրոնային աստղեր են:

Դիտարկելով նեյտրոնային և պրոտոնային գերհոսելի կոնդենսատների փոխազդեցությունը, Դավիթ Սեդրակյանը հայտնաբերել է նոր ֆիզիկական երևույթ՝ ներկայումս հայտնի «տարման էֆեկտ» անունով: Դավիթ Սեդրակյանի աշխատանքների մյուս ցիկլը վերաբերում է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցմանը, որն ուղեկցվում է անկյունային արագության «ցատկերով»: Ելնելով իր այն հիպոթեզից, թե հայտնաբերած նեյտրոնային թելերի ցանցը աստղի պտույտի դանդաղեցմանը զուգընթաց աստիճանաբար նոսրանում է, Դավիթ Սեդրակյանն իր աշակերտների հետ առաջարկել է բաբախիչների պտտական շարժման արգելակման երեք մեխանիզմ և ի հավելումն հայտնաբերել, որ դանդաղեցման ժամանակ մակերևույթի ջերմաստիճանի աճի շնորհիվ աստղը դառնում է ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Ստացված օրինաչափությունները համահունչ են տիեզերքից եկող ռենտգենյան ճառագայթմանը վերաբերող դիտողական օրինաչափություններին:

Սկսած 1994-ից Դավիթ Սեդրակյանը նեյտրոնային աստղերի տեսական հետազոտություններին զուգահեռ իր գործընկերների հետ կատարել է գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված էլեկտրոնների կողմից պոտենցիալային արգելքների անցման և անդրադարձման գործակիցների հաշվումներին, էլեկտրոնների հնարավոր տեղայնացման (լոկալիզացման) խնդիրներին:

Բեղմնավոր է եղել նաև Դավիթ Սեդրակյանի ուսումնամանկավարժական գործունեությունը.  նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 դոկտորական և 10 թեկնածուական ատենախոսություն: Մոտ 300-ի հասնող գիտական հոդվածներն ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին հետազոտությունների իր ասպարեզում բերել են միջազգային լայն ճանաչում: Նա եղել է մի շարք միջազգային կոնֆերանսների և թեմատիկ սեմինարների ակտիվ կազմակերպիչներից, երկար տարիներ եղել է «ՀՍՍՀ ԳԱ Զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը: Դ. Բլաշկերի հետ նա կազմել և հրատարակել է «Superdense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, եղել է Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian’s Legacy and Active Universe» գրքի համախմբագիրը: Դավիթ Սեդրակյանը «Ստացիոնար աքսիալ-սիմետրիկ դաշտերը Էյնշտեյնի տեսությունում» աշխատանքի համար 1970թ. ստացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակ, 1999թ. արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին