Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Պայքարի հերթական արդյունքն արձանագրվեց օրերս։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։
Վերջինս, գործելով քննության եկած անձի օգտին, առանց նրա կողմից տրանսպորտային միջոց վարելու գործնական քննության սահմանված նորմատիվ վարժությունները կատարելու, քննությունը գնահատել է դրական, ինչի արդյունքում քաղաքացին ստացել է վարորդական իրավունքի վկայականը։ Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել կաշառք տալու և ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ և ՆԱՎ-ում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։