ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման ալ Սաֆադիի հետ ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ իր գործընկերոջ այս այցը նոր ազդակ կհաղորդի դարավոր բարեկամությանը, առավել ամուր և կառուցողական երկխոսության սկիզբ կդառնա:
ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Ալ Սաֆադիին, քանի որ նրա ժողովուրդը հայերի կողքին էր պատմության ամենածանր օրերին: Մնացականյանը հիշեցրեց՝ Հայոց ցեղասպանություն վերապրածներն ու ժառանգները ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ իրենց հորդանանյան հայրենիքում:
Ալ Սաֆադին, արձագանքելով, նշեց, որ հաճելի է այստեղ գտնվելը, ասաց՝ իրենք գործնական ուղիներն են ուսումնասիրում, որով կարող են առաջ տանել արտաքին տնտեսական հարաբերությունները: Նա ընդգծեց՝ զբոսաշրջությունը համագործակցության համար անկյունաքարային ուղղություններից մեկն է կրոնական, մշակութային, պատմական զբոսաշրջությունը, այդպիսի ոլորտներ են նաև առևտուրը, ՏՀՏ-ն, դեղագործությունը:
«Մեր թիմերն անմիջապես կանցնեն գործի»,- ասաց նա՝ հավելելով, որ երկկողմ հարաբերությունները մշակութային ասպարեզում երկար պատմություն ունեն, և իրենք հպարտ են, որ կենսունակ հորդանանահայ համայնք ունեն: