Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia» ֆորումին

01 Դեկտեմբեր, 2019 17:43
Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia»  ֆորումին

Ուկրաինա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «ImagineArmenia» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումին: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանից եկած պետական, քաղաքական և հասարակական  գործիչներին, տարբեր երկրներից Հայաստան վերադարձած և արդեն իսկ իրենց հաջողության պատմություններով կիսվելու պատրաստ հայերին և  ուկրաինացի  գործընկերներին՝ հանձնակատարը կարևորել է սփյուռքի տարբեր համայնքներում նման հավաքների իրականացումը: «Թույլ տվեք նշել, որ նմանատիպ հարթակները հրաշալի հնարավորություն են ընձեռում մեզ և սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների համար խոսելու հայրենիք-սփյուռք գործակցության, համայնքի և հայրենիքի միջև կապի ամրապնդման հետագա հնարավորությունների, հայրենադարձության  և այլ օրակարգային հարցերի մասին»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը: Նա կարևորել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքը սփյուռքում իր մեծությամբ 4-րդն է ու ֆիզիկապես բավականին մոտ հայրենիքին, և Հայաստանն էլ իր հերթին Ուկրաինան համարում է բարեկամական երկիր:

Բացման խոսքով հանդես են եկել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը:

Բացման խոսքից զատ՝ Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել նաև առանձին ելույթով, որի ընթացքում հանգամանալից խոսել է Հայաստան-սփյուռք գործակցության քաղաքականության  ուղենիշների, ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձևի, ամուր պետականության կարևորության, սփյուռքում առկա մարտահրավերների, հայրենադարձության կարևորության և հնարավորությունների, համապատասխան օրենիք նախագծի մշակման ընթացքի մասին: «Կարևոր է, որ սփյուռքում ճիշտ պատկերացնեն Հայաստանը: Իրական Հայաստանը, որը նրանք տեսնում են, իրենց պատկերացրածից վատը չէ, այն հաճախ պարզապես տարբեր է: Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը պետք է տեղի ունենա հոգեբանական հայրենադարձություն: Ապրել Հայաստանով նախևառաջ նշանակում է հետաքրքրվել Հայաստանի կյանքով, փորձել մասնակից դառնալ: Ֆիզիկական հայրենադարձությունն այս ճանապարհի վերջին քայլն է»,-ընդգծել է Հայաստան-սփյուռք կապերի պատասխանատուն:

Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, հաջորդ տարի կազմակերպվելիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համաժողովը, գործարարների և բարերարների, քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները, որոնցից առաջինի ընթացքում առաջնային կլինի Համահայկական խորհրդի նախանշումն ու ձևավորումը, երկրորդի դեպքում՝ սփյուռքի գործարարների միջև ցանցային կապերի ձևավորումը և Հայաստանի բիզնես միջավայրին ծանոթություն, երրորդի պարագայում՝ ծանոթությունների և կապերի հաստատումը: Գրասենյակը շարունակելու է համայնքների հետ տարվող աշխատանքը, երկխոսությունը, փոխճանաչությունը, մեծ տեմպերով սկսելու է սփյուռքի քարտեզագրումը, պահպանելու է մեկ պատուհանի սկզբունքը:

Ֆորումի ընթացքում Հայաստանում իրենց հաջողության պատմություններն են ներկայացրել Հայաստանից ժամանած մի շարք գործարարներ, որոնց մեծ մասը հայրենադարձներ են: «Repat Armenia» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանը, «Դեպի Հայք» կազմակերպության ղեկավար Սևան Կաբակյանը, «ITisArmenia»-ի հիմնադիր Հովհաննես Իսպիրյանը, «Street Workout Armenia» կազմակերպության համահիմնադիր Ղազար Հակոբյանը, «Creopia Productions» ընկերության համահիմնադիր Սաշկա Ավանյանը, «Global Shapers Dilijan Hub»-ի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանթաշյանը, «Apaga Resort»-ի, «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, «Menu Group»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, «Photo Atelier Marashlyan»-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանը, «Sunland»  ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանը և այլք պատմեցին Հայաստանում հաջողելու բոլոր հնարավորությունների մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին