Կարևոր իրադարձություններ

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են կյանքի համար

01 Դեկտեմբեր, 2019 17:14
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է նշված թաղամասի 7/6 շենքի բնակարաններից մեկից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ-ն է։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանները նշված շենքի 104 բնակարանում՝ դռան մոտ, հայտնաբերել են արնանման հետքեր, միջանցքում՝ գաղտնի փականով դանակ և թափթփված իրեր։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին