Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Ազգային վենչուրային հիմնադրամ կստեղծվի

01 Դեկտեմբեր, 2019 10:23
Հայաստանում Ազգային վենչուրային հիմնադրամ կստեղծվի

Հայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ, որի կառավարումը կդրվի միջազգային մակարդակի մասնագետների վրա։ Այս մասին այսօր Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքերով ԱՎՀ-ի ստեղծումը որոշված հարց է։ Հիմնադրամը կձեւավորվի պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմի կիրառմամբ։ Ծրագրվում է, որ առաջիկա 5-7 տարիներին հիմնադրամի միջոցները կհասնեն 100 մլն դոլարի, ներառյալ՝ պետության միջոցները։ ԱՎՀ-ի հիմնական նպատակը ստարտափներում ներդրումներն են, նշեց Արշակյանը։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի ստեղծմամբ կառավարությունը ձգտում է Հայաստանում ձեւավորել բարենպաստ միջավայր, որի դեպքում արտասահմանյան մասնագետներն էլ կգան երկրում աշխատելու։

Տվյալ փուլում նախարարությունը ստարտափներին աջակցելու ջանքեր է գործադրում։ Այսպես, երկրի պետական բյուջեով նախատեսված են գրանտային ծրագրեր։ Մասնավորապես, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել ստարտափների ֆինանսավորման 50 տոկոսը։ Պետությունը պատրաստ է 50 000 դոլարի գրանտ տրամադրել՝ ընկերության կողմից նույն չափով համաֆինանսավորման դեպքում։ Արշակյանը հավելեց, որ հավասարակշռված զարգացման շահերից ելնելով՝ գրանտային միջոցների 75 տոկոսը կտրամադրվի մարզերում ստարտափներին, եւ միայն 25 տոկոսը բաժին կհասնի մայրաքաղաքում գործողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին