Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Անշարժ գույքի գները բարձրացել են, իսկ դա նշանակում է, որ բնակարաններ են գնում

28 Նոյեմբեր, 2019 08:23
«Փաստ». Անշարժ գույքի գները բարձրացել են, իսկ դա նշանակում է, որ բնակարաններ են գնում

«Անկախությունից հետո Հայաստանի համար լուրջ խնդիր է եղել երկրի բնակչության դեմոգրաֆիական պատկերի և արտագաղթի հարցը: 

Տարիներ ի վեր շարունակվող արտագաղթը պայմանավորված է եղել բարոյահոգեբանական, սոցիալական պայմաններով, համապատասխան աշխատավայրերի բացակայությամբ, երկրի ապագայի նկատմամբ լավատեսության անկումով և այլն:

Եվ ուշագրավ է, որ միգրացիոն գործընթացների հիմնական բացասական հետևանքները սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական ուղղվածություն ունեն: Հայաստանից շարունակվող արտագաղթը դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, եվրոպական և այլ երկրներ ոչ միայն թուլացնում է մեր երկրի տնտեսական պոտենցիալը՝ պայմանավորված որակյալ աշխատուժի, «ուղեղների» և կապիտալի արտահոսքով, այլ նաև խորացնում է աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը: 

Պետք է նկատել, որ արտագաղթը խորը բացասական հետք է թողել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա, քանի որ դրա արդյունքում դանդաղել է մշտական բնակչության թվի աճը, և նվազել է առկա բնակչության թիվը: 

Եվ մտահոգիչ է, որ բնակչության թվի նվազումը հատկապես դրսևորվում է երիտասարդների մասնաբաժնի կրճատմամբ, որն արագացնում է բնակչության ծերացման գործընթացը: 

Պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանքային միգրացիան բացասաբար է անդրադառնում միգրանտների ընտանիքների կայունության և սերունդների դաստիարակության վրա: 

Ուստի լիովին տրամաբանական է, որ իշխանափոխության հայտ ներկայացնելու ժամանակ Փաշինյանն իր քաղաքական առաջնահերթություններից մեկն էլ համարում էր արտագաղթի դադարեցման և ներգաղթի կազմակերպման հարցը: 

Եվ պատահական չէ, որ իր կազմակերպած ակցիաներից մեկի ժամանակ Փաշինյանը ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանին հորդորում էր բնակարան գնել և տեղափոխվել հայրենիք: Արտագաղթի թեման Փաշինյանի ուշադրության կենտրոնում մնաց նաև վարչապետ ընտրվելուց հետո: 

Այս անգամ ժողովրդական էյֆորիայի շարունակման պայմաններում արդեն նա ամեն կերպ փորձում էր հանրությանը համոզել, թե ոչ միայն արտագաղթը դադարել է, այլև մի բան էլ ներգաղթ կա՝ որպես լրացուցիչ հիմնավորում բերելով այն փաստարկը, թե Երևանում և մարզերում անշարժ գույքի գները բարձրացել են, իսկ դա նշանակում է, որ բնակարաններ են գնում: 

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե արտագաղթը դադարելու մասին կառավարության ներկայացրած ցուցանիշները մանիպուլյատիվ բնույթ են կրում, քանի որ մարդիկ, տեսնելով, որ իշխանափոխության արդյունքում իրենց կյանքում էական փոփոխություններ չկան, չեն կարողանում բավարարել իրենց սոցիալական պահանջները, նորից արտագաղթի ճանապարհն են բռնում: 

Բայց այս ամենը չխանգարեց, որ օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ 

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կասկածի տակ դրեցին Փաշինյանի ներկայացրած թվերը՝ նշելով, որ 2019 թվականին Հայաստանից արտագաղթի կրճատման տեմպը մի բան էլ նվազել է:

 Վերլուծաբանների ուշադրությանն արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունից մի քանի օր առաջ նրա ենթակայության տակ գործող ՎԿ-ն հրապարակել էր արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի՝ վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն՝ արտագաղթն աճել է 35%-ով։ 

Ամենից հետաքրքրականն այն է, որ նաև փաստեր ներկայացրեցին, թե այս տարվա ընթացքում 37 հազար հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների մուտքը Հայաստան օգտագործվում է որպես դրական բալանսի ներկայացման միջոց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին