Կարևոր իրադարձություններ

Իրացման գոտու տարածքների 7 ընտանիքներ իրազեկումներ են ստանում, որ պետք է դուրս գան իրենց տներից

27 Նոյեմբեր, 2019 19:29
Իրացման գոտու տարածքների 7 ընտանիքներ իրազեկումներ են ստանում, որ պետք է դուրս գան իրենց տներից

Երևանի կենտրոնի՝ իրացման գոտի ճանաչված տարածքների որոշ ընտանիքներ շարունակում են իրազեկումներ ստանալ այն մասին, որ պետք է դուրս գան իրենց տներից:

Խոսքը, մասնավորապես, Տերյան ու նախկին Լալայանց փողոցների շենքերի 7 ընտանիքների մասին է, որոնց փաստաբան Ալինա Ավետիսյանն ահազանգում է մի շարք խախտումների մասին, որոնք այս փուլում կատարվում են:

Նոր Հայաստանում Հյուսիսային պողոտայի պատմություն չի լինի, ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանն այն ժամանակ քննարկում էր կազմակերպել՝ պարզելու, թե ինչ մեխանիզմներով պետք է վերականգնեն նախկինում իրենց տներից վտարված բնակիչների իրավունքները:

Փաստաբան Ալինա Ավետիսյանն ահազանգում է, որ Երևանի կենտրոնում այսօր էլ խախտվում են մարդկանց իրավունքները, մի շարք ընտանիքներ անորոշության մեջ են, իսկ ԴԱՀԿ-ը պարբերաբար ծանուցում է, որ պետք է դուրս գան իրենց տներից:

«Քանի որ այդ 7 գույքերի վերաբերյալ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կա, բնականաբար, դատական ակտի համաձայն՝ կատարողական թերթն ուղարկվում է ԴԱՀԿ: Նրանք վարույթ են հարուցել: Այդ գործերի մեծ մասը կասեցված էր: Այնտեղ տարբեր պատճառներ կան, մեկի դեպքում գումար չկա, անգամ գրություն կար, որ գործողությունը չի կարող կատարվել, որովհետև գումարը տեղում չէ: Մյուս դեպքում մահացած անձինք կան, չնայած որ դատարանը վճիռ է կայացրել, բայց ո՞նց պետք է վտարեն մահացած մարդկանց, չգիտեմ: Մենք գտնում ենք, որ օրենքի կոպիտ խախտումներ են եղել: Օրենքն ասում է՝ քանի որ դատարանի ու նոտարի դեպոզիտին գումարներն ի սկզբանե չեն եղել, դատական ակտն արդեն օրինական ուժի մեջ մտնելուց ու ԴԱՀԿ հասնելուց հետո ստացվում է այնպես, որ ձեռք բերողը ԴԱՀԿ դեպոզիտին է դնում այդ գումարները, իսկ օրենքի նման կարգ չկա սահմանված: Դա պետք է դատարանի դեպոզիտ հաշվին լիներ: Եվ ԴԱՀԿ-ից պարբերաբար մարդկանց թղթերն ուղարկում են, որ՝ բնակարանն ազատեք»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Ի դեպ, այդ տարածքները ժամանակին օտարվել են գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը՝ կառուցապատում իրականացնելու նպատակով: Ժամանակին այս ընտանիքները ևս, ինչպես իրացման գոտիների շատ բնակիչներ, հրաժարվել են փոխհատուցումից, քանի որ Երևանի կենտրոնի համեմատ փոխհատուցման գները չնչին են եղել: Իսկ հիմա արդեն փոխհատուցման հույս էլ չկա, քանի որ, փաստաբանի խոսքով, Սամվել Մայրապետյանի ամբողջ ունեցվածքը արգելանքի տակ է՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Հիմա հարց է ծագում՝ այդ գումարներն ովքե՞ր են տալու»,- ասաց նա:

Բացի այս յոթ ընտանիքներից, նաև խնդիր կա «Դոլմամա» ռեստորանի հետ կապված:

Փաստաբանի խոսքով, օրինակ, ռեստորանի բակային որևէ հատված ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության կողմից: «Հիմա Լոկալ Դիվելոփըրզը ռեստորանին ասում է՝ գույքդ տուր: Բայց ո՞նց պետք է տա»,- հարցադրում արեց փաստաբանը:

Ալինա Ավետիսյանի խոսքով՝ նախկինում կառավարության որոշման համար իրավական հիմք է հանդիսացել կառավարության լիազոր ներկայացուցչի՝ այսինքն՝ Երևանի քաղաքապետի և «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության միջև կնքված պայմանագիրը: Սկզբում պայմանագիրն է կնքվել, ինչի հիման վրա կառավարությունը որոշում է կայացրել: Իսկ պայմանագրի մեջ այդ ընկերությունը հստակ երաշխիքներ է տվել, որ ինքն ունի այդքան ֆինանսական միջոցներ, մարդկային ու տեխնիկական միջոցներ, որ այդ ծրագիրը կարող է իրականացնել:

«Նախ սկսենք այնտեղից, որ հաստատված նախագիծ չկա, թե այդտեղ ինչ պետք է կառուցվի: Ես քաղաքապետարանին ասում եմ՝ ինձ տրամադրեք, տեսնեմ ի՞նչ պետք է կառուցվի այդտեղ: Ինձ ասում են՝ նախագիծ առկա չէ, երբ օտարման գործընթացը կավարտի ձեռք բերողը, նոր կտրամադրենք, թե ինչ պետք է կառուցվի»,- ասաց փաստաբանը:

Ալինա Ավետիսյանի խոսքով՝ եթե քաղաքապետարանը հավաքի այդ բոլոր հիմքերը, այդ թվում՝ գումարի բացակայությունն ապացուցի, ներկայացնի կառավարությանը, որ տրվել են կեղծ երաշխիքներ, որ քաղաքաշինական գործընթացն իրատեսական չէ, պայմանագիրը կարող է դատական կարգով լուծվել:

«Այնքան խախտումներ կան այս գործըթնացում, որ ես կարծում եմ՝ եթե կառավարությունը ցանկություն ունենա, այս խնդիրը կլուծվի: Ժամանակին մրցույթ չի հայտարարվել, բայց հսկայական տարածքներ են տրամադրվել Սամվել Մայրապետյանին»,- նշեց փաստաբանը:

Նա շեշտեց, որ վերոնշյալ ընտանիքներից որևէ մեկը նախկինում չի վերցրել փոխհատուցումը: «Այդ գումարները օրենքի խախտումով հետո հայտնվել են ԴԱՀԿ դեպոզիտ հաշվին, և որևէ մեկը գումար չի ստացել, չի էլ պատրտաստվումչստանալ: Մարդիկ գումար չեն էլ ուզում»,- հավելեց փաստաբանը:

 

Լրահոս

Դիտել ավելին